Այսօր կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստի ավարտին կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի արդյունքները, որոնք եղել են բավականին դրական եւ խոստումնալից հայ-արաբական տնտեսական հարաբերությունների զարգացման առումով, ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքների առաջին փուլը, ինչպես նաեւ կանոնադրական փոփոխությունները, առաջարկությունները՝ նոյեմբերի 26-ին կայանալիք Հայաստանի Հանրապետական Կուսակցության հերթական համագումարում:
Հարցին՝ խոսվում է, թե վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացնելու՝ ներկայացրե՞լ է, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր անդամակցման հարցը Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը, այսօր չի քննարկվել»:
Հարց ուղղվեց նաեւ, թե քննարկվե՞լ է հազար դրամի հետ կապված նախագիծը եւ եթե այո, ինչպիսի՞ն է նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, եղավ հետեւյալ պատասխանը. «Կարծում եմ, դուք շատ լավ տեղյակ եք նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության դիրքորոշմանը, երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մի քանի օր առաջ նախագահական նստավայրում նախագահին ներկայացրեց այդ ծրագրի էությունը, բովանդակությունը եւ սպասվելիք արդյունքները: Ամեն ինչ լուսաբանվել է, շատ հստակ է եղել:
Իսկ մենք որպես քաղաքական մեծամասնություն, բարձր ու դրական ենք գնահատում այդ նախաձեռնությունը: Դա մի նախաձեռնություն է, որը միտված է բարձրացնելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, միտված է համերաշխություն, պատասխանատվություն քարոզելու մեր քաղաքացիների շրջանում եւ միտված է ազգ-բանակ կոնցեպտի զարգացմանը եւ ընկալմանը: Ես վաղը ես ելույթով հանդես կգամ, մեր խմբակցության ներկայացուցիչները ավելի մանրակրկիտ ելույթով կներկայացնեն իրենց տեսակետները: Թերեւս, այսքանը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ