Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց նաեւ սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Նա դատարանին պատմեց, թե ինչպես է իմացել դեպքի մասին:
«Դեպքի մասին 2015 թվականի հունվարի 29-ի առավոտյան եմ իմացել: Ինձ չեն ասել, որ սպանություն է, հետիս աշխատող ընկերներս արդեն գիտեին, ընկերներիցս մեկն ինձ ասաց՝ շտապ գնա ինստիտուտ, հարցրի՝ ինչի համար, ասաց՝ չգիտեմ, Հայկազիկը կռիվ է արել: Զարմացա՝ ոնց կլինի Հայկազը կռիվ անի, կռվարար չէ: Գնացի ինստիտուտ, ուղեկցեցին պետի սենյակ, երբ մտա սենյակ, տեսա քաղաքացիական ու զինվորական հագուստով շատ մարդկանց, միայն ՊՆ փոխնախարար Տոնոյանին ճանաչեցի: Պարոն Տոնոյանը սկսեց հարցեր տալ՝ Հայկազը աղանդավորության մեջ եղե՞լ է, ասացի՝ ճիշտ հասկացեք, մենք Աստծուն հավատում ենք, բայց ոչ մի աղանդավորության մեջ էլ չկանք: Ընկերուհի, սիրած աղջիկ ունեցե՞լ է հարցրեց փոխնախարարը, ասացի՝ ոչ:
Պարոն Տոնոյանին ասացի՝ կարող եք հետաքրքրվել, Հայկազը կռվարար երեխա չէ, Մոնթեում էլ է սովորել երեք տարի, Հադրութում է ութ ամիս ծառայել, ոչ մի տեղ չեպե չի եղել: Փոխնախարարն ասաց՝ հետաքրքրվել ենք, գիտենք: Հետո նայեց աչքերիս մեջ, հարցրեց՝ գիտես ի՞նչ է եղել, ասացի՝ ինձ ասել են, որ կռիվ է արել, բա հաստա՞տ չգիտես, ասացի՝ ոչ: Ձեռքը դրեց ուսիս, ասաց՝ քեզ համբերություն եմ ցանկանում, հարցրի՝ ինչ է եղել, ասաց՝ Հայկազին այսօր մահացած են գտել: Ես շոկի մեջ էի, նստած տեղումս ոչ մի ձայն չեմ հանել: Հետիս եկածը տարիքով մարդ էր, մտածեցին Հայկազի պապիկն է, ուշքը գնաց, ընկավ գետնին»,- դատարանում պատմեց Արկադի Բարսեղյանը:
Նրա խոսքով, ինքը հետո հետաքրքրվել է փոխնախարարից՝ ինչպես կամ ինչից է մահացել տղան, իրեն փոխանցել են, թե կախված են գտել. «Ասաց՝ առաջին վարկածը ինքնասպանությունն է, դատաբժիշկներն աշխատում են, այնինչ իրենք արդեն գիտեին, որ դա սպանություն է: Ինձ էին այդպես ներկայացրել»:
Կարդացեք նաև
Դեպքի մասին իմանալուց հետո Արկադի Բարսեղյանը այցելել է իր որդու ընկերներին, նրա նախկին աշխատանքի վայր, հետաքրքրվել որդուց՝ արդյոք երբեւէ որդին գանգատվել է դժվար կյանքից, անլուծելի խնդիրներ ունենալու մասին, բայց բոլոր տեղերում էլ հերքել են, վստահեցրել են՝ Հայկազին վատ հոգեվիճակում երբեք չեն հանդիպել կամ զրուցել:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Նրանք մեղադրվում են հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում Հայկազ Բարսեղյանին դաժանությամբ սպանելու ու հետքերը թաքցնելու նպատակով նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից կախելու համար:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սպանությունը խմբակային է, տեղի է ունեցել ոչ թե խոր անտառում այլ հսկողության ենթակա մի բուռ տարածքում, որտեղ բոլորն իրար գերազանց ճանաչել են ու շատ լավ իմացել թե ով ինչ է ուտում ու մտածում: Տարիներով ,,բացահայտվում են,, հատորներով գործեր են գրվում, դատեր են սկսում ու ձգում – հետաձգում են …. որ ինչ անեն (ով չի հասկանում?)
ԱՄՈԹ ՈՒՆԵՑԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ!
Այս ամենի մեղավորը մեր ինքնիշխանությունն է, ով ինչ ուզում է անում է, և գործը փակում են արդարացնելով մեղավորներին, դրա համար էլ շատերը առիթից օգտվելով, անում են այն ինչը անմարդկային է․․․