Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բա ձեր արածն ինչքանո՞վ է թասիբով». Կուրսանտի սպանության գործով տուժողը հակադարձեց փաստաբանին

Նոյեմբեր 14,2016 19:07

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ այսօր դատարանը դիտողություն արեց ամբաստանյալներից մեկի փաստաբան Հովիկ Արսենյանին, երբ նա գործով տուժող ներգրավված Հարություն Ալեքսանյանի ցուցմունքի վերաբերյալ հարց տվեց՝ «գյումրեցի ես, թասիբով տղա, ինչքա՞ն է թասիբով, որ դու Սամվել Սերոբյանի մասին լսածները պատմել ես Վաչեին, այլ ոչ թե միանգամից Սամվելին, որին տուժողը պատասխանեց: Դատարանը զգուշացրեց փաստաբանին իր արտահայտություններում կոռեկտ լինել:

Բայց Հարություն Ալեքսանյանը ի պատասխան փաստաբանի ասաց. «Բա ձեր արածն ինչքանո՞վ է թասիբով, որ ձեր հետեւում չորս են նստած, որոնք սպանել են անմեղ տղայի»:

Խոսակցությանը միջամտեց ամբաստանյալներից Վաչե Սահակյանը, որի դատարանը դատական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ եւ հեռացրեց նիստերի դահլիճից: Դատախազի միջնորդությամբ հրապարակվեց Հարություն Ալեքսանյանի նախաքննական ցուցմունքը:

Իր ցուցմունքում տուժողը ամբաստանյալ Նորիկ Սահակյանի վերաբերյալ մի դրվագ էր պատմել, թե ինչպես է Հայկազի հետ կատարված դեպքից հետո նա  սկսել  իրեն բացատրել՝ նախորդ գիշեր դաս է արել, տուժողի խոսքով, ինքն այդ պահին չի հասկացել՝ ինչու է այդ ամենն իրեն պատմում, բայց հետո հասկացել է: Սպանված Հայկազ Բարսեղյանին բնութագրել էր որպես ուժեղ ու լավ բնավորություն ունեցող տղա՝ ասելով, որ նա ինքնասպանություն գործելու որեւէ պատճառ չուներ:

Գնել Թեւոսյանին տուժողը բնութագրել էր «երես առած» տղա, որը իր հոր անվան տակ արտոնյալ պայմաններում էր, ման էր գալիս, շաբաթ կիրակիները տուն էր գնում, եւ ընդհանրապես ամբաստանյալների մասին ասել էր՝ շատերն էին նրանցից վախենում: Հարություն Ալեքսանյանը պատմել էր նաեւ, որ ամբաստանյալներից Վաչեի ծննդյան օրը գումար են հավաքել կուրսանտներից, ու շատերը չուզենալով են այդ գումարը տվել, տվել են միայն այն պատճառով, որ անախորժ խոսակցությունների մեջ չընկնեն:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Նրանք մեղադրվում են հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում Հայկազ Բարսեղյանին դաժանությամբ սպանելու ու հետքերը թաքցնելու նպատակով նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից կախելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930