Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը անհանգստություն ունի, որ ՀՀ-ն կարող է ներքաշվել ռուսական ռազմական եւ քաղաքական նախագծերում ընդդեմ ԱՄՆ-ի. Գեւորգ Մելիքյան

Նոյեմբեր 14,2016 22:00

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանն «Առավոտ»-ի հետ զրույցում գնահատելով հայ-ամերիկյան հարաբերությունները` նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակի համատեքստում եւ պաշտոնական Վաշինգտոնի կողմից քաղաքականությունում հնարավոր փոփոխությունները` նշեց.

«Հայաստանը երբեք գլոբալ կարեւորություն եւ կշիռ չի ունեցել ԱՄՆ-ի համար եւ մոտավոր ապագայում չի ունենա, քանի դեռ Հայաստանն էապես չի փոխել քաղաքական եւ տնտեսական իր մոդելները: Վաշինգտոնի համար միշտ որոշակի դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ի հայ համայնքը: Սակայն Թրամփ-Քլինթոն դուետի նախընտրական պայքարի ընթացքում անգամ ավանդական դարձած այդ հանդիպումներն ԱՄՆ հայկական համայնքի հետ տեղի չունեցան թեկնածուներից որեւէ մեկի հետ: Այդուհանդերձ, մի շարք գործոններ դեռ շարունակում են Հայաստանին պահել ԱՄՆ քաղաքական ուշադրության կենտրոնում: Գործոններից որոշները բացասական են, որոշները՝ դրական»:

Ըստ Գեւորգ Մելիքյանի` «Բացասական են Հայաստանի ռազմա-քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերջինիս ռազմական բազայի ներկայությունը եւ ռուսական ընդգծված ազդեցությունը Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ոլորտների վրա: ԱՄՆ-ն ունի անհանգստություն, որ Հայաստանը կարող է ներքաշվել ռուսական ռազմական եւ քաղաքական նախագծերում ընդդեմ ԱՄՆ-ի կամ ԱՄՆ որեւէ դաշնակցի, եթե Ռուսաստանը որոշի ուրիշի (իմա՝ Հայաստանի) ձեռքով կրակից շագանակներ հանել կամ դրդել հակաարեւմտյան քայլերի, օրինակ՝ այնպես անել, որ Հայաստանը կրկին հրաժարվի նախաստորագրել ԵՄ-ի հետ համագործակցության իրավական փաթեթը կամ սահմանափակի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, պահանջի կրճատել արեւմտյան երկրների դիվանագիտական առաքելությունների անձնակազմը կամ սահմանափակել արեւմտյան դոնորների ֆինանսական աջակցությունը»:

ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք նոյեմբերի 15-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930