Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համոզված եմ՝ յուրաքանչյուր հայ մարդ պատրաստ է հնարավոր բոլոր ձևերով օգնել և աջակցել մեր բանակին. Հերմինե Նաղդալյան

Նոյեմբեր 14,2016 18:33

Այսօր ԱԺ լիագումար նիստում քննարկման դրվեց զոհված զինծառայողների կամ հաշմանդամների համար 1000 դրամ պարտադիր կարգով ամեն ամիս վճարելու մասին օրինագիծը, որը արդեն քանի օր է թեժ քննարկումների առարկա է դարձել: ԱԺ ամբիոնից ևս հնչեցին փաստարկներ, որ հասարակությունը դա վատ է ընդունում, դժգոհում է և այլն: Ի՞նչ վերաբերմունք ունի օրինագծին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, փորձեցինք ճշտել հենց իրենից.

-Կարծում եմ, կյանքը, ապրիլյան և հետապրիլյան օրերին մեր հասարակության միահամուռ մասնակցությունը թե՛ մարտական գործողություններին և թե’ բանակին աջակցությանը, բազմաթիվ մարդկանց ինքնակազմակերպված գործողությունները ՝ իրենց անգամ շատ համեստ հնարավորություններով մասնակցելու և աջակցելու համազգային մեր պայքարին, աներկբայորեն ցույց տվեցին և ապացուցեցին, որ ժամանակին հնչած հոռետես մտավախությունները այն մասին, որ ժողովուրդը հիասթափված է, անհրաժեշտության դեպքում չի համախմբվի, ոտքի չի կանգնի, հոդս ցնդեցին:

Համախմբվեց, ոտքի կանգնեց և ևս մեկ անգամ զարմացրեց իր միասնականությամբ ողջ աշխարհին: Հիմա ևս նման հոռետես փաստարկները համարում եմ անտեղի և անհիմն: Խորապես վստահ եմ, որ ոմանց կողմից արվող կանխատեսումները՝ հասարակության փոթորկման, ըմբոստացման, երկփեղկման մասին և այլն, անազնիվ են, իրականությանը չեն համապատասխանում և պարզապես խոսում են այն մասին, թե որքան են դրանք կտրված ժողովրդից և հասարակությունից: Ուզում եմ խնդրել մեր գործընկերներին՝ այս օրինագծի քննարկման ընթացքում ձեռնպահ մնալ այդ և նման փաստարկներից, քանի որ, իմ կարծիքով, գաղափարը ընդունելի և սրտամոտ է բոլորի համար, բոլոր հայրենասեր մարդկանց համար , և մենք դրանում բազմիցս համոզվել ենք: Համոզված եմ՝ յուրաքանչյուր հայ մարդ պատրաստ է հնարավոր բոլոր ձևերով օգնել և աջակցել մեր բանակին:

Կարելի է, իհարկե, բազմաթիվ հարցեր ձևակերպել տնտեսագիտական թեմաներով, բազմաթիվ անդրադարձներ կատարել ընդհանուր բարոյահոգեբանական տեսանկյունից և այլն, բայցևայնպես, ակնհայտ է՝ թե՛ գաղափարը, թե՛ օրինագծի մշակվածության աստիճանը խոսում են այն մասին, որ սա իսկապես բացառիկ հարց է: Իրականում, պաշտպանության նախարարի կողմից ներկայացված այս օրինագծում հնարավորինս հաշվի են առնված բոլոր գործոնները և նաև այն փորձը, որ երկրում արդեն կա՝ ասենք օրինակ «Լույս» հիմնադրամի և այլն:

Այսինքն՝ փորձ է կատարված բազմակողմանի մշակված , բոլոր վիճելի հարցերի պատասխանը ունեցող օրինագիծ ներկայացնել, և, կարծում եմ, քննարկման ընթացքում պատգամավորների կողմից արված առաջարկներով ևս կլրամշակվի և եթե կան խութեր , դրանք կմաքրվեն:

-Խորհրդարանի դահլիճից տեսակետներ հնչեցին, որ օրինագիծը հապճեպ է ներկայացվել, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Պաշտպանության նախարարը մանրամասնեց այդ հարցը, և բոլորս էլ հասկանում ենք, որ օրենսդրական տեխնոլոգիայի խնդիր կա՝ մինչև այս տարվա ավարտը մնացել է ընդամենը 1 հերթական քառօրյա, իսկ գալիք տարին սկսվում է նախընտրական գործընթացներով, ուստի, իսկապես, պաշտպանության նախարարը ճիշտ է վարվել, որ շտապել է՝ օր առաջ այս խնդիրներին անդրադառնալ: Եվ սա պետք չէ կապել ոչ ստվերի դեմ պայքարի, ոչ «թալանվածի» վերադարձի, ոչ պրոգրեսիվ հարկի և ոչ էլ պատերազմի վտանգի հետ: Սա պետք է կապել միայն մեր պարտավորության հետ՝ օր առաջ, ժամ առաջ լուծելու խնդիրները այն մարդկանց , ովքեր ոչինչ չեն խնայել հայրենիքի համար, այն ընտանիքների, որոնք, իսկապես, ոչ միայն հարազատի կորուստ են ունեցել, այլև մեծամասամբ կարիքի մեջ են:

-Պատգամավորները, կարծես, դժգոհում են նոր հարկատեսակից.

– Իսկապես, Վիգեն Սարգսյանը շատ բազմակողմանի ներկայացրեց օրինագիծը և նաև այդ հարցին սպառիչ պատասխան տվեց ՝ սա հարկ, տուրք, հարկատեսակ չէ, բայց ուզում եմ ասել, որ, իսկապես, չլինելով հարկի կամ տուրքի նոր տեսակ, սա նաև յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Աշխարհին հայտնի են երկրներ և ժողովուրդներ, որոնք ազգային տուրքի գաղափարախոսություն ունեն, մենք այսօր պետք է կարողանանք այդ ազգային տուրքի գաղափարը մեր կյանքի նորմ դարձնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930