Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փոստանջյանի երեւակայությունը զարմացրեց Վիգեն Սարգսյանին. Նա հիշեց հումորիստ Արկադի Ռայկինին

Նոյեմբեր 14,2016 17:50

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում ափսոսանք հայտնեց, որ ՊՆ նոր նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ առաջին անգամ նախագիծ է բերել ոչ թե մեր ազգային անվտանգության նոր հայեցակարգի հետ կապված, այլ՝ գումար հավաքելու:

Խոսքը 1000 դրամ պարտադիր վճարի մասին է՝ յուրաքանչյուր աշխատողից:

Նա իր հերթին ցույց տվեց այն գումարների տեղը, որոնցից կարող էին հիմնադրամը ֆինանսավորել՝ յուրաքանչյուր բանտարկյալի համար պետբյուջեից հատկացվող 5000 դրամը կրճատելով առնվազն 2 եւ ավելի անգամ: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ՀՀ-ում այսօր կա 22 հազար ոստիկան: Այդ ոստիկանները 2 մլն բնակչության համար ահռելի քանակ են կազմում: Նա առաջարկեց կրճատել ոստիկաններին. «Գնացեք հաշվեք եւ կտեսնեք, որ այս աղբյուրները լիարժեք բավարար են ձեր նպատակների համար»:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը հիշեց Սովետական միության հումորիստ Արկադի Ռայկինին. «Նա ասում էր՝ եթե բալերինայի ոտին դինամո կապեն, նա շատ հոսանք կարող է արտադրել պտտվելու ընթացքում: Ձեր առաջարկը ինձ հիշեցրեց մոտավորապես նույն տրամաբանությունը: Ես չեմ կարծում, որ մարդուն նստացնում են բանտ՝ փող ծախսելու, կամ իրեն ազատում են՝ փող շահելու համար, բայց դուք, որպես պատգամավոր, ազատ եք ունենալ ցանկացած երեւակայություն: Ես ուրախ եմ, որ դուք այդ երեւակայությամբ փոքրամասնություն ներկայացնող ֆրակցիայի պատգամավոր եք»:

Զարուհի Փոստանջյանը եզրակացրեց՝ փաստորեն նորանշանակ նախարարը համամիտ է, որ ընդամենը 2 մլն բնակչություն ունեցող ՀՀ-ում կարող է լինել 22 հազար ոստիկան եւ 5000 բանտարկյալ, կարող է չլինել վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը»:

Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ հպարտ է՝ մեր երկրում չկան քաղբանտարկյալներ: Նախարարն ասաց, որ պատերազմող երկրում կարող են լինել այդքան ոստիկաններ, որոնց գործառույթները մեծ են, իսկ ինչ վերաբերում է բանտարկյալների թվին՝ Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ այդ թիվը սխալ է, մեր բնակչության համեմատ բանտարկյալների թիվը չափազանց փոքր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930