ԼՂՀ նախագահի` նոյեմբերի 14-ի այցը Եվրոպա հետաձգվել է Ադրբեջանի կողմից շփման գծի երկայնքով նոյեմբերի 12-18-ը իրականացվող զորավարժությունների պատճառով:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահեցրեց, որ ԼՂՀ իշխանությունները հաշվի են առնում, որ կարող է լինել ցանկացած զարգացում և դրան բավականին լուրջ նախապատրաստվել են:
Պարոն Իսագուլյանը փաստեց, որ զորավարժություններն Ադրբեջանն իրականացնում է շփման գծի ողջ երկայնքով. դրանք մոտ 60.000 -անոց զորավարժություններ են, օգտագործվելու է նաև ավիացիան:
Պարոն Իսագուլյանը փաստեց, որ նման զորավարժությունների իրականացման դեպքում նույնիսկ գերհզոր պետությունները տեղյակ են պահում միջազգային կառույցներին, հարևան պետություններին, և ամեն դեպքում որոշ սահմանափակումներ են լինում զորավարժությունների տեղի և թվի հետ կապված: Մինչդեռ, ըստ Գառնիկ Իսագուլյանի` Ադրբեջանը միջազգային չափանիշները խախտել է:
Կարդացեք նաև
Պարոն Իսագուլյանը փաստեց, որ դրան նախորդել էր հայկական ԶՈւ զորավարժությունը, որը թվաքանակով, մասշտաբով ավելի փոքր էր և պարունակում էր հիմնականում ագրեսիայի դեպքում համապատասխան հակահարված հասցնելու և թշնամու ներխուժման կասեցման դրվագներ. «Զորավարժության ժամանակ ելույթ ունեցավ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով հստակ ուղերձ հղեց, որ ԼՂՀ-ի կողմից անցկացվող զորավարժությունները որևէ մեկի համար սպառնալիք չեն, ԼՂՀ-ն ագրեսոր չէ, բայց նաև թույլ չի տա, որ որևէ պետություն ագրեսիա դրսևորի իր նկատմամբ, նաև նշեց, որ ագրեսիա ցուցաբերելու դեպքում կտուժի միայն Ադրբեջան պետությունը` իր ժողովրդի հետ»:
Պարոն Իսագուլյանի վստահեցմամբ` հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը կարող է գնալ ցանկացած ագրեսիայի, այս պահին զորատեսակները մոբիլիզացված են, ԼՂՀ ՊԲ-ն ցանկացած ձևի զարգացմանը պատրաստ է:
Դառնալով Արցախի ներքաղաքական զարգացումներին`պարոն Իսագուլյանը գովեց ԼՂՀ իշխանություններին ու դեմ արտահայտվելով Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ բարձրացված «վայնասունին», ասաց. «Լավ հարաբերություններ ունեմ Արայիկ Հարությունյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև նախկինում իշխանության մեջ գտնվող այլ անձանց հետ: Մարդիկ, ովքեր եղել են Արցախում, տեսել` այնտեղ ինչ է կատարվում, կհավաստեն ասածներս: Բակո Սահակյանին լավ ճանաչում եմ, նրանց տանը եղել եմ 20, 10, մեկ տարի առաջ: Ներողություն եմ խնդրում ոչ հայերեն բառի համար, բայց ոչինչ չի փոխվել, անգամ նրանց տան «կուշետկան» է մնացել նույնը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ