Այսօր Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Արթիկի քաղաքապետարանի անձնակազմին պաշտոնապես ներկայացրեց նոր քաղաքապետին՝ Մխիթար Վարագյանին, որը ՀՀԿ-ական է ու 9 տարի շարունակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի երկրորդ քաղաքում ՏԻՄ ընտրություններն անցան բավական ինտրիգային մթնոլորտում, Հանրապետականն այստեղ առաջադրել էր Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն Մխիթար Վարագյանը կարողացավ հաղթել նրան։ Ավելին, Aravot.am-ի այն հարցին, թե նեղացա՞ծ չեք Հանրապետական կուսակցությունից, որ ձեզ չառաջադրեցին ու չսատարեցին, Մխիթար Վարագյանն ասաց․«Երբևիցե չեմ զգացել, որ ինձ չեն սատարել»։
Ինչևէ, այսօր Արսեն Աբրահամյանը քաղաքապետի աթոռը փոխանցեց Մխիթար Վարագյանին, նորընտիր քաղաքապետի երդմնակալություն բառի իսկական իմաստով տեղի չունեցավ, սակայն նա Արթիկի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը շտկելու շուրջ խոստումներ տվեց, ավելին, իր ելույթում խնդրեց Արթիկը չբաժանել սև ու սպիտակի, քանի որ ընտրություններն այլևս անցյալում են։
Կարդացեք նաև
Մխիթար Վարագյանի երդմնակալությունն անցավ բավական համեստ մթնոլորտում՝ մայրաքաղաքից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չէր մասնակցում, չնայած որ նա երկար ժամանակ եղել է Ազգային ժողովում։ Ներկա էին մարզպետարանի տարածքային վարչության մի քանի աշխատակիցներ ու Արթիկի նախորդ երկու քաղաքապետերը՝ Խաչատուր Վարագյանը՝ Մխիթար Վարագյանի եղբայրը ու Արսեն Աբրահամյանը։
Արսեն Աբրահամյանն այսօր բավական անտրամադիր էր երևում․բանն այն է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նա իր թեկնածությունը հատուկ չառաջադրեց ՏԻՄ ընտրություններում, որպեսզի ճանապարհ հարթի Մուշեղ Պետոյանի համար։ Այդ նույն պայմանավորվածության համաձայն, Հովիկ Աբրահամյանը Արսեն Աբրահամյանին օգնելու էր նախագահի վերահսկողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու։ Վարչապետ Աբրահամյանի պաշտոնազրկումից հետո փաստորեն դեռ հստակեցված չէ Արսեն Աբրահամյանի ճակատագիրը։
Հիշեցնենք, որ Արսեն Աբրահամյանը իր հերթին ընտրություններում սատարել էր ոչ թե Մուշեղ Պետոյանին, այլ Մխիթար Վարագյանին։ Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, Մխիթար Վարագյանին սատարել է նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ուստիև նա այսօր մեծ ոգևորվածությամբ ներկայացրեց Մխիթար Վարագյանին։ Իհարկե, Շիրակի մարզպետը իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Արթիկի քաղաքապետի պաշտոնը լքող Արսեն Աբրահամյանին՝ նշելով, որ վերջինս արժանի է նոր պաշտոն զբաղեցնելու, քանի որ մեծ օգուտ կարող է տալ պետությանը։ Արսեն Աբրահամյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ իրեն հաջողվել է փոխել Արթիկի բարոյահոգեբանական մթնոլորտը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ