Նոյեմբերի 10-15-ը Կառավարության հանձնարարականների կատարման շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում շարունակվում են քննարկումները հանրապետության ագրարային ոլորտի գործատու կազմակերպությունների մասնագետների, համալսարանի ղեկավար կազմի, դեկանների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջև: Քննարկումների նպատակն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ ու բարձրակարգ մասնագետների պատրաստումն է:
Ագրարային, անասնաբուծական, պարենային և մյուս ոլորտների արտադրողների հետ կազմակերպվող նմանատիպ միջոցառումների շրջանակներում հնարավորություն է ստեղծվում գործատուների հետ քննարկելու որակյալ կադրեր ունենալու ճանապարհները՝ լսելով ու հաշվի առնելով նրանց դիտողությունները, կարծիքներն ու առաջարկությունները:
Հանդիպում-քննարկումների ընթացքում բարձրացված հիմնական հարցերն են համալսարանի մասնագիտությունների և ըստ ուսումնական պլանների առարկայական ծրագրերի վերանայումը, ապագա մասնագետների գործնական հմտությունների ձևավորման համակարգի գնահատումը և դրա կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը, մասնագետների նպատակային պատրաստումը և այլն:
«Համալսարանը մշտապես զգայուն է բոլոր արժեքավոր առաջարկությունների նկատ-մամբ, ուստի կատարելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասնելու ցանկալի արդյունքի՝ որակյալ կադրերի ապահովում. սա մեր հիմնական խնդիրն է»,- ելույթ ունենալով հանդիպում-քննարկումների ընթացքում՝ նշեց համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ վերջին տարիներին համալսարանում բարենպաստ նախադրյալներ են ստեղծվել բարձր մասնագիտական գիտելիքներով օժտված կադրերի պատրաստման և միջազգային կապերի բարելավման ու ընդլայնման համար:
Համագործակցությունը, փոխադարձ համաձայնեցված աշխատանքը կարող են մեծապես նպաստել ուսանողների՝ որպես վաղվա մասնագետների կայացմանը, և հանրապետության ագրարային ոլորտի զարգացմանը:
Մամլո հաղորդագրություն