Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետ Փերիխանյանը 870 հազար ՀՀ դրամի չափով փոխհատուցել է՝ որպես հաշտության ժեստ. Տիգրան Գալստյան

Նոյեմբեր 14,2016 17:02

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ոստիկաններ Տաճատ Նորատունկյանի, Արթուր Այվազյանի, Կոստան Բուդաղյանի, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի ներկայացուցիչ Տիգրան Գալստյանի՝ արագացված դատաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով գույքային վնաս, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանը, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը, հիշյալ օրը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:

Հիշեցնենք նաեւ, որ տուժող ճանաչված կազմակերպության՝ Ուտոպիանա.am-ի, ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը նախորդ դատական նիստում պատճառված վնասի հատուցման քաղհայց ներկայացրեց:«Ուտոպիանայի» և ACTV առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանը ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանից պահանջում է փոխհատուցել 5.480.000 ՀՀ դրամ, որից 2 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Ու քանի որ չորս ոստիկաններն ընդունել են իրենց մեղքը, անցած նիստի ընթացքում նրանց փաստաբան Տիգրան Գալստյանը միջնորդեց դատական նիստը արագացված կարգով շարունակել, բայց այդ միջնորդության վերաբերյալ իր առարկությունները ներկայացրեց տուժողի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը՝ հիմնավորելով, որ Փերիխանյանի դեմ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չեն, մեղադրանքն արհեստականորեն մեղմացվել է և ամբողջապես փոխհատուցված չէ «Ուտոպիանա» հ/կ-ին պատճառված նյութական վնասը»: Ավելի մանրամասն և գրավոր ձևով դիրքորոշումը ներկայացնելու համար Դավիթ Գյուրջյանը դատարանից խնդրել էր ժամանակ տրամադրել և դատական նիստը հետաձգել:

Դատարանում Դավիթ Գյուրջյանն այսօր ներկայացրեց իր առարկությունները՝ նշելով, որ ամբողջությամբ Ուտոպիանա.am-ին հասցված վնասը չի վերականգնվել, ապա ասաց, որ Դավիթ Փերիխանյանի արարքի որակման հետ էլ համաձայն չէ: Փերիխանյանի ներկայացուցիչ Տիգրան Գալստյանն էլ ասաց, որ ըստ մեղադրական եզրակացության է վնասի չափը համարվել է 485 հազար ՀՀ դրամ, իսկ իր պաշտպանյալը փոխհատուցել է վերին սանդղակով՝ 870 հազար ՀՀ դրամի չափով. «Դա որպես հաշտության ժեստ, իսկ իրենց մասով, թե վարձակալության կամ նոր սարքի գումար, բարոյական վնաս, չեմ գտնում, որ դա քրեական գործի շրջանակում քննվող հարց պետք է լինի, դատարանն այդ մասով պետք է թողնի առանց քննության՝ հնարավորություն տալով քաղաքացիական դատավարության ընթացակարգով պահանջել, եթե ցանկանան»:

Բոլոր տուժողները բացի Աշոտ Բոյաջյանից այսօր դատարանում ցուցմունք տվեցին՝ ասելով, որ ոստիկաններից պարտք պահանջ չունեն, խնդրեցին դատարանին մեղմ վերաբերվել: Իսկ Աշոտ Բոյաջյանն ասաց, որ ցանկանում է, որ ամբաստանյալների պատիժը լինի օրենքի սահմաններում, թշնամություն չկա Փերիխանյանի հետ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930