ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր վերաբերյալ իրականացված ծառայողական քննության ընթացքում հայտնել է իր վերադասի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող իր վերադասին է հանձնել մորեղբոր որդու կողմից գտած 30 հատ «AK 74» ինքնաձիգի փամփուշտներ և 2 հատ «ՌԳԴ» տեսակի նռնակներ:
Բացի այդ, 2016թ. օգոստոսի 29-ին նույն պաշտոնատար անձին է հանձնել նախորդ օրը իր կողմից Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի գետից գտած թվով 250-ից ավել նռնակի պայթուցիչներ, համապատասխան ընթացք տալու համար, սակայն հետագայում տեղեկացել է, որ իր կողմից ռազմամթերքի ներկայացման 2 դեպքերին էլ օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ