Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում համացանցը ազատ է. Fredoom House

Նոյեմբեր 14,2016 16:24

Fredoom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում համացանցի ազատության 2016թ. զեկույցը, որում Հայաստանը 30 միավորով համարվում է ազատ համացանց ունեցող երկիր:

Երկրների ազատությունը համացանցում գնահատվել է 100 միավորանոց սանդղակով: 0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրներում համացանցի ազատությունը մասնակի է, իսկ 61-100 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ:

Տարածաշրջանի երկրներից ազատ համացանց ունեցող երկրների շարքում է նաև Վրաստանը (25 միավոր): Թուրքիան (61 միավոր), Իրանը (87 միավոր) և Ռուսաստանը (65 միավոր) դասվել են ոչ ազատ համացանց ունեցող երկրների շարքում: Ուշագրավ է, որ Ադրբեջանը 57 միավորով համարվել է մասնակի ազատ համացանց ունեցող երկիր:

Համացանցում առավել մեծ ազատություն ունեցող երկիրը Էստոնիան է (5 միավոր), իսկ ամենաանազատը՝ Չինաստանը (88 միավոր):

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի ցուցանիշը նվազել է 2 միավորով, ինչի պատճառը Երևանում ցույցերի ուղիղ հեռարձակումների ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների վրա հարձակումներն են:

Զեկույցում նշվում է, որ չնայած Հայաստանում, ընդհանուր առմամբ, ցանցում արտահայտվելու ազատություն կա, այնուամենայնիվ, գրաքննության որոշ դեպքեր գրանցվել են 2016թ. ապրիլյան պատերազմի և հուլիսին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման դեպքերը լուսաբանելու ընթացքում և դրանից հետո: Մասնավորապես, 2016թ. հուլիսին Ucome և Beeline փրովայդերների կողմից Facebook-ը 40 րոպեով արգելափակվել է: Իսկ ապրիլին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ առցանց տիրույթում կարծիքներն ուղղորդվում էին երկրի պաշտպանության նախարարության կողմից, որը քաղաքացիներին կոչ էր անում զերծ մնալ առաջնագծում տիրող իրավիճակը քննարկել առցանց տիրույթում:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ Հայաստանում օգտատերերը կարող են լայն տեղեկություն ստանալ առցանց լրատվամիջոցներից, որոնք, սակայն, երբեմն ֆինանսական և քաղաքական ճնշումների են ենթարկվում: Ինչպես ավանդական լրատվամիջոցների՝ հեռուստատեսության և տպագիր մամուլի դեպքում, Հայաստանում քաղաքական ճնշումներ է կիրառվում նաև առցանց մեդիայի նկատմամբ: Որոշ դեպքերում լրագրողներին չի թույլատրվում շեղվել պարբերականի խմբագրության քաղաքականությունից, որոնք հաճախ կապված են կուսակցությունների հետ: Իրավապաշտպանները զգուշացնում են, որ նման ճնշումները կարող են ազդել, ընդհանուր առմամբ, երկրում խոսքի ազատության վրա, չնայած առցանց որոշ պարբերականներ և անհատ բլոգերներ դիմադրում են ինքնագրաքննությանը:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանում համացանցում գրաքննության ամենաակնառու դեպքը եղել է 2008թ. հետընտրական գործընթացի ժամանակ, երբ կառավարության կողմից արգելվում էին մամուլի որոշ հրապարակումներ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930