«Մինչեւ ապրիլյան պատերազմը եւ դրանից հետո կոռուպցիայի դեմ պայքարն, ըստ էության, եղել է: Բնականաբար, ֆորս-մաժորային իրավիճակներում ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք կարող են բացեր ի հայտ բերել, որոնց ուղղությամբ կարելի էր ավելի ինտենսիվ աշխատել: Իրականում մոտեցումները չեն փոխվել, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը միշտ էլ եղել է»,-Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով Պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը՝ ասաց ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը:
Խնդրեցինք կարծիք հայտնել զինծառայողների ընտանիքների համար աշխատող քաղաքացիներից 1000-ական դրամ գանձելու ՊՆ նախագծի մասին, որի շուրջ հասարակական դժգոհության մի մասը վերաբերում է բարձրաստիճան զինվորականների՝ շքեղ առանձնատներ ու մեքենաներ ունենալու փաստին: «Դա փոքր-ինչ հուզական դաշտից է: Իհարկե, չեմ փորձում ինչ-որ բան արդարացնել: Եկեք հաշվի առնենք, որ դրանք մասնավոր դեպքեր են, իսկ նախաձեռնությունը վերաբերում է կոնցեպտին, որի հիմքում ընկած է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչից հետո՝ սոցիալական համապատասխան երաշխիքների ապահովումը»,-նշեց Ալիկ Ավետիսյանը:
«Ինչպե՞ս է ՊՆ-ն լուծելու ստեղծվելիք հիմնադրամի հանդեպ վստահության խնդիրը» հարցին` մեր զրուցակիցը պատասխանեց. «Թափանցիկության եւ հաշվետվողականության միջոցով, ինչպես եւ նախատեսվել է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ