Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր վերջապես դատարան ներկայացավ գործով տուժող, նույն ռազմական ինստիտուտի կուրսանտ Հարություն Ալեքսանյանը:
«Բոլորին ճանաչում եմ, լավ հարաբերություն եմ ունեցել, հետո է մեր հարաբերությունները վատացել Ազարյան Մովսեսի եւ Վաչեի հետ տեղի ունեցած վեճից հետո: Պատճառն այն էր, որ կիրակի, երբ տեսակցություն է եղել, ինչ-որ մեկը գնացել եւ կուրսանտներից Սամվել Սերոբյանի մասին վատ արտահայտություն է արել, ինքն էլ պատմել է Վաչեին, որից հետո նույն մարդուն ինստիտուտ են հրավիրել ու նա հերքել է իր ասածները: Այդ ժամանակ էլ վեճ է տեղի ունեցել, ամբաստանյալներն ինձ ձեռքերով ծեծել են, աչքիս տակ կարմրել է»,-պատմեց Հարություն Ալեքսանյանը:
Անդրադառնալով Հայկազ Բարսեղյանի սպանությանը՝ տուժողը պատմեց, որ այդ օրը, սովորականի պես, առավոտյան, արթնացել են, հագնվել, ապա նկատել են, որ անձնակազմից բացականեր կան, մտել են ննջասենյակ, ստուգել Հայկազ Բարսեղյանի անկողինը եւ ծածկոցը քաշելով` տեսել են, որ այն արյունոտ է, հետո նրան հայտնաբերել են կախված վիճակում.
«Կապիտան Ավետիսյանն է սկզբից բացել ծածկոցը եւ տեսել արյունոտ անկողինը: Նորիկ Սահակյանն էլ ինձ ասաց, որ մինչեւ գիշերվա երկուսն արթուն է եղել եւ ոչ մի բան չի նկատել»:
Կարդացեք նաև
Տուժողի խոսքով, ավելի ուշ են իմացել, որ Հայկազն ինքնասպան չի եղել, այլ` սպանվել է. « Առավոտյան կուրսանտներից Գագիկ Հարությունյանը պատմեց, որ առավոտյան Գնելն իրեն դանակ է տվել, որ տանի դնի Գնելի հոր ավտոյի բարդաչոկը»:
Հարություն Ալեքսանյանը նաեւ մի շարք մանրամասներ պատմեց ամբաստանյալ Գնել Թեւոսյանի մասին. «Իր հայրիկով շատ էր վեր-վեր թռնում, շաբաթ, կիրակի շատ էր դուրս գալիս եւ ամեն գիշեր ազատ դուրս էր գալիս, ինքը նման արտոնություններ ուներ: Նորիկ Սահակյանի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, լավ սովորող զինծառայող էր, Վաչեն էլ լավ էր ծառայում, լավ տղա էր: Գնելն էլ մարտկոցի տղաներին էր շուտ-շուտ կպնում, նեղացնում` Վաչեի հովանավորության տակ ապրում էր»:
Դատախազը միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, որ նախաքննական ու դատաքննական ցուցմունքի մեջ էական հակասություններ կան:
Դատարանը միջնորդությունը բավարարեց ու հինգ րոպե ընդմիջում հայտարարեց:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Նրանք մեղադրվում են հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում Հայկազ Բարսեղյանին դաժանությամբ սպանելու ու հետքերը թաքցնելու նպատակով նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից կախելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ