Ամենասովորական գրիպի դեպքում անգամ մարդիկ վազում են դեղատուն եւ հակաբիոտիկ գնում, ինչը առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքերով` անթույլատրելի է: Պարոն Խաչատրյանն այսօր առողջապահության նախարարությունում քաղաքացիներին, բժիշկներին, գյուղմթերքի արտադրությամբ ու վերահսկողությամբ զբաղվողներին կոչ արեց զերծ մնալ անտեղի հակաբիոտիկ օգտագործելուց, նշանակելուց ու կիրառելուց: Քաղաքացիների տեղեկացվածությունը այս խնդրի վերաբերյալ բարձրացնելու նպատակով այսօրվանից սկսած` մինչեւ նոյեմբերի 20-ը մի շարք միջոցառումներ կիրականացվեն:
Ինչպես առողջապահության ոլորտի մասնագետներն են ասում` անտեղի, ոչ պատշաճ հակաբիոտիկների օգտագործումն այսօր ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի համար լուրջ մարտահրավեր է դարձել եւ, եթե այսպես շարունակվի մարդկությունը կվերադառնա մեկ դար առաջ, երբ մարդիկ մահանում էին ,ոչ թե սրտանոթային, այլ տարբեր տեսակ վարակներից առաջացած հիվանդություններից եւ միայն հակաբիոտիկների հայտնագործումից հետո վարակները դարձան բուժելի:
Մեր երկրում, պարոն Խաչատրյանի խոսքերով, տուբերկուլոզով շատ հիվանդներ արդեն բազմադեղակայուն են, այսինքն` այդ մարդկանց վրա այլեւս չեն ազդում տուբերկուլոզի դեմ պայքարի որոշ դեղամիջոցներ:
Թե, ընդհանրապես, որքան մարդ է Հայաստանում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունություն ձեռքբերել, Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ նման վիճակագրություն չունեն:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Փոխնախարարը հայտնեց, որ Դեղերի մասին նոր օրենքով նախատեսված է տույժ ու տուգանքների ենթարկել այն բժիշկներին, որոնք քաղաքացիներին անտեղի հակաբիոտիկներ կնշանակեն: Մեկ այլ փոփոխությամբ էլ, հակաբիոտիկներն այլեւս չեն կարող դեղատներում ազատ վաճառվել եւ մարդ կարող է այն ձեռք բերել միայն դեղատոմսով:
Պարոն Խաչատրյանի խոսքերով, հակաբիոտիկը պետք է նշանակի բժիշկը եւ նրա նշանակած նույն հակաբիոտիկը չի կարելի խորհուրդ տալ հարազատին, հարեւանին, քանի որ յուրաքանչյուր մարդու համար բժիշկն է որոշում, թե ո’ր հակաբիոտիկը, ի’նչ չափաքանակով ու որքան օր պետք է խմի հիվանդը: Բուժման կուրսը կիսատ թողնելը նույնպես բարձրացնում է դեղակայուն ձեւերով վարակիչ հիվանդությունների ռիսկը:
Ասուլիսին ներկա ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցեւն իրեն համարում է հակաբիոտիկները պահպանող շտեմարան, քանի որ, ինչպես ինքն ասաց` դրանք ինձ համար թանկ են ու կարեւոր: Պարոն Զայցեւի խոսքերով, հենց հակաբիոտիկների շնորհիվ է իր կյանքը փրկվել, երբ 6 ամսականում պնեւմանիա` շնչուղիների հիվանդությամբ ծանր հիվանդացել է:
Ըստ նրա, հակաբիոտիկները ոչ միայն բուժման նպատակով են անհրաժեշտ, այլեւ մի շարք դեպքերում` օրգանների փոխպատվաստման, վիրահատությունների եւ այլն: Եգոր Զայցեւի տվյալներով, այսօր աշխարհում 700 հազար մարդ մահանում է վարակներից, քանի որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունություն ունեն. «Եթե միջոցներ չձեռնարկենք, այդ թիվը 7 միլիոնի կհասնի»:
Սերգեյ Խաչատրյանի խոսքերով, երբեմն մեկ հակաբիոտիկ ստեղծելու համար գիտնականները 10 տարի աշխատում են: Ըստ փոխնախարարի, խնդիր է նաեւ գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների ոչ նպատակային օգտագործումը: Ընտանի կենդանիներին տրվում են հակաբիոտիկներ, շատերը սննդի մշակման ընթացքում նույնպես կիրառում են հակաբիոտիկներ, դեղակայուն մանրէները սննդի եւ կոնտակտի միջոցով փոխանցվում են մարդուն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ