Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը պնդում է`հանրությանն ու ժողովրդին չի վիրավորել

Նոյեմբեր 14,2016 14:02

«Այն արտահայտությունները, որ վերագրվում են ինձ, իրականությունից բավականին հեռու են: Նման արտահայտություն հասարակության կամ ժողովրդի հետ կապված, երբեւէ չեմ արել, չեմ մտածել եւ երբեւէ չեմ անելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Հիշեցնենք, Yerkir.am-ին տված հարցազրույցում Գագիկ Մելիքյանն ասել էր. «Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարակության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին պատասխան տալ»:

«Նույնիսկ նման մտածողությունն ինձ համար անընդունելի է: Ես հանրության կամ ժողովրդի հետ կապված նման արտահայտություն չեմ արել: Ֆեյսբուքյան մի խումբ անձանց մասին իմ արտահայտությունը չի վերաբերում ժողովրդին»,- շարունակեց ՀՀԿ-ական պատգամավորը`հավելելով, որ ֆեյսբուքում իրոք 1000 դրամների մասին նախագծի հետ կապված «ապազգային, հակապետական, հակաազգային, հակահայկական, Արցախի եւ երկրի անվտանգությանը դեմ» հայտարարություններ արվել են, իր արտահայտություններն էլ վերաբերել են նման արտահայտություններ անողներին:

«Խնդրում եմ դա երբեւէ չկապել հանրության կամ ժողովրդի հետ: Նրանք հանրության մաս են, բայց հանրություն չեն: Եթե հանրության մեջ նման ընկալում է ձեւավորվել, ես պատրաստ եմ ներողություն խնդրել: Սակայն իմ խոսքը ժողովրդին կամ հանրությանը չի վերաբերվել»,- ասաց Գագիկ Մելիքյանը`հավելելով, որ իր հարցազրույցի եւ դրա վերնագրի տարընթերցման մեջ միտում է տեսնում:

Լրագրողն, ի դեպ, պնդեց, որ ինքը ձայնագրություն ունի եւ պարոն Մելիքյանն ասել է ճիշտ այնպես, ինչպես հարցազրույցում գրված է:

Հրապարակումներ եղան, որ Գագիկ Մելիքյանի հայտարարությունից հետո ՀՀԿ անդամ Արմեն Պապյանը հայտարարել է, որ հեռանում է ՀՀԿ-ից: Գագիկ Մելիքյանը պնդեց, որ նրան չի ճանաչում: ՀՀԿ-ում էլ փորձում են գտնել` նա կուսակցության անդա՞մ է, թե՞ ոչ, բայց դեռ չեն պարզել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930