Լրահոս
Օրվա լրահոսը

SUT.am. Ստերը բացահայտելու կայք է ստեղծվել

Նոյեմբեր 14,2016 13:31

Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած եռալեզու SUT.am կայքի շնորհանդեսը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացնելով կայքը՝ նշեց. «2,5 տարիներին մեր ՀԿ-ի գոյության ընթացքում բացահայտել ենք փոքր ու մեծ ստեր, դրանք եղել են տարբեր ոլորտներում, թեեւ հիմնականում վերաբերում էին արտաքին քաղաքականությանը եւ ընտրություններին: Ստերը երբեմն բացահայտում էինք պատահաբար: Դրա համար էլ որոշեցինք հիմնադրել մի կայք, որտեղ տեղ կգնեն բացահայտված ստերը»:

Նա զուգահեռներ անցկացրեց տարբեր երկրներում եղած նման առաքելությամբ այլ կայքերի հետ:

«Հիմնականում կենտրոնանալու ենք այն հրապարակային ստերի վրա, որոնք վերաբերելու են հայաստանցիներին, լինեն դրանք տեղական, թե միջազգային: Օրինակ, մամուլում սկսեց տեղեկություն տարածվել, թե Դոնալդ Թրամփը ծաղկեցնելու է Հայաստանը, մինչդեռ մենք փորփրեցինք ու այդպես էլ ոչինչ չգտանք այդ մասին եւ հրապարակում պատրաստեցինք, որ դա չի համապատասխանում իրականությանը»:

SUT.am կայքի խմբագիր Վահե Ղուկասյանն էլ հավելեց, որ բոլոր ջանքերը ներդնելու են, որպեսզի նյութերը երեք լեզուներով հասանելի լինեն: «Կայքն ավելի ինտերակտիվ է լինելու, կայքի դիմային մասում մեծ տեղ է հատկացված ընթերցողի հետ կապին, ընթերցողները եւս կարող են տեղեկություններ տրամադրել, որոնք կփորձենք ստուգել ու համապատասխան հրապարակում անել»:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ զարգացնելու են, այսպես կոչված, «անոնիմկաները», բայց այլ կերպ. «Փորձելու ենք մոտիվացնել մարդկանց, որ իրենց հայտնած տեղեկատվությունը կարեւոր է, մենք ունենք լծակներ դրանք ստուգելու»:

Կայքի հիմնադիրն ու խմբագիրը հայտնեցին, որ կայքի նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պետական մարմինների ու լրատվամիջոցների հրապարակած, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները: Կայքում լինելու են նաեւ հետաքննություններ:

Քանի որ նախընտրական շրջան է, Դանիել Իոաննիսյանի ձեւակերպմամբ, անդրադարձ կլինի կուսակցությունների նախկինում տված խոստումներին: Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողի, SUT.am-ը բիզնես չէ, իրենք դրանով փող չեն աշխատելու:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930