«Բողոք 1000 դրամ թալանի դեմ» ֆեյսբուքյան նախաձեռնությունն այսօր ժամը 12-14-ը խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց էր հրավիրել: Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայում արագացված ընթացակարգով քննարկման է դրված 1000 դրամներին առնչվող օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների եւ նրանց ընտանիքների հատուցման հիմնադրամ ստեղծելու նախագիծը: Այն ուրբաթ օրը քննարկվեց խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում և ընդգրկվեց քառօրյայի օրակարգ:
Այսօր հրավիրված ցույցին, սակայն, ընդամենը մի քանի մարդ էր մասնակցում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը բացատրելով թե ինչու է ցույցին ընդամենը մի քանի մարդ մասնակցում, ասաց, որ սա էլ ցուցիչ է: Ցուցիչ է նրա, որ մարդիկ այլեւս ոչ միայն իշխանությանը չեն հավատում, այլ նաեւ պայքարին, որ հնարավոր է պայքարելով ինչ-որ բան փոխել: Արթուր Սաքունցը գտնում է, որ ստվերային դաշտը նվազեցնելով միանգամայն հնարավոր է այս հարցը կարգավորել: Նա, ինչպես եւ ցույցի մյուս կազմակերպիչներն ու մասնակիցները, դեմ չեն զինվորներին ու նրանց ընտանիքներին օգնելու գաղափարին, բայց չեն կիսում իրականացման մեխանիզմները: Նա թվային հաշվարկ ներկայացրեց, թե ստվերային դաշտը կրճատելով՝ ինչքան գումար է հնարավոր բերել պետական բյուջե եւ դրա որ մասը կարելի է ծառայեցնել այդ նպատակին:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Արթուր Սաքունցը նաեւ ասաց, որ օրերս իրենք կներկայացնեն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մահվան հանգամանքներին եւ նրանց ընտանիքների սոցիալական վիճակին վերաբերող իրենց հետազոտությունների արդյունքները: Ըստ այդմ, Սաքունցի համոզմամբ, խոսքը հետեւյալի մասին է. «Դուք սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին եք ուղարկում առաջնագիծ`ասելով`մենք կվճարենք ձեր կյանքի համար: Կներեք, սա ցինիկ մոտեցում է: Հիմա փորձել սա հայրենասիրական տոնայնության տակ անցկացնել, ընդհանրապես հայրենասիրության աղճատում է բովանդակային տեսանկյունից, հայրենասիրության ոչնչացում է, որովհետեւ մարդիկ ազնվաբար նվիրվում են»:
Սաքունցին վրդովվեցնում է նաեւ պաշտպանության նախարարի վերաբերմունքը, որ հայտարարել էր, թե չինովնիկները կոռումպացված են եւ իրենք չեն ուզում կոռումպացված չինովնիկից փող վերցնել: Սաքունցը տարակուսում է`փոխանակ կոռումպացված չինովնիկին բերեն համապատասխան վիճակի, ասում են`նրանից փող չենք վերցնի:
Արթուր Սաքունցը նաեւ նկատում է, որ շատերը թեպետ ամաչում են այդ մասին բարձրաձայնել, բայց այդ 1000 դրամն իրենց ընտանիքների համար իրապես շոշափելի գումար է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ