ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում առաջարկեց նախ բյուջեի նախագիծը քննարկել, նոր զինվորների առողջության համար 1000 դրամ յուրաքանչյուր աշխատողից գանձելու նախագիծը: Նա ասաց, որ կարելի է այդ հարցը բյուջեով հաստատել, ոչ թե հասարակությունից լրացուցիչ գումար հավաքել՝ հարկի պես:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դիտողություն արեց, որ նման առաջարկները 1-2 օր շուտ են անում:
Լեւոն Զուրաբյանն էլ արձագանքեց. «Որեւէ քննադատության չի դիմանում: Ես ԱԺ պատգամավոր եմ եւ ունեմ իրավունք այս հարցը բարձրացնել ԱԺ լիագումար նիստում, ոչ մի բան չի կարող սահմանափակել իմ իրավունքը եւ չի կարող խոչընդոտել ձեզ հաջորդականությունը հարցերի փոխել: Հիմնավորեք, ոչ թե ձեր որոշումը արդարացրեք նրանով, որ այդ հարցն ավելի շուտ չի բարձրացվել»:
Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ հերթական անգամ մեր գրպանն է մտնում իշխանությունը, կարծես 1000 դրամը մեծ փող չէ, բայց իրականում, երբ 35 տոկոս բնակչությունը աղքատության մեջ է, մեծ գումար է դա ընտանիքների համար:
Կարդացեք նաև
Նա առաջարկեց այդ գումարը կրճատել նախագահական ինստիտուտին տրամադրվող գումարներից, հիմնադրամը ստեղծել՝ այդ գումարների հաշվին. «Այստեղ բազմաթիվ մարդիկ են հավաքված, որոնք միլիոնավոր հարստություն ունեն, առաջինը նրանք պետք է հավաքեն այդ գումարը: Անուններ տամ՝ Սերժ Սարգսյանը իր ողջ ընտանիքով, առաջին հերթին նրանցից պետք է գանձել գումարները»:
Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Իմիջիայլոց, ես որ թվարկելու լինեմ, առաջինը ձեր անունը կտայի, հետո՝ իմ անունը, հետո՝ կողքինիդ անունը: Դրանք փաստարկներ չեն, փորձում ես ընդամենը մարդկանց վարկաբեկել, չի սազում խորհրդարանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ