Այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու նախաձեռնությանը: Նա ասաց, որ նոր հարկատեսակ է ավելացել, եւ իբր պետք է այն ծառայի մեր զինվորների առողջության եւ հետագա ապաքինման համար, նաեւ նրանց, ում կորցրել ենք պատերազմական գործողությունների ժամանակ. «Հասկանալի է, որ այս հարկային բեռը ավելացվում է նախընտրական շրջանում: Այսօրվա ապօրինի իշխանություններին անհրաժեշտ է լրացուցիչ բյուջե, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին: Եվ նա փորձելու է այսպիսի ապօրինի քայլով հավաքել այդ բյուջեն»:
Նա հորդորեց դեմ քվեարկել այդ նախագծին. «Կոչ եմ անում բոլորդ դեմ քվեարկեք, գոնե այս պահին համերաշխություն ունենաք մեր հանրության հետ: Հանրությունը չի կիսում այդ կարծիքը, որ պետք է 1000 դրամով ավելացնել մեր հարկային բեռը: Հերիք է զբաղվեն մուրացկանությամբ, այն էլ՝ 1000 դրամ մուրալ մեր ժողովրդից»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այս նախագիծը քննարկվել են տարբեր ուժերի հետ եւ ընդունվել է. «Սա հատուցում է: Այն խնդիրները, որ դուք մտածում եք ինչ-որ մարդիկ են եղել, որ դրանց փողերը կարելի է հավաքել բերել, էդ մարդկանց անուն-ազգանունները տարեք ընենց տեղ տվեք, բայց ոչ ԱԺ-ում: Սա ամենակարեւոր նախագիծն է: Սրանով ամբողջ ժողովուրդը ցույց է տալիս իր միասնական գաղափարախոսությունը ԶՈՒ-ի, բանակի նկատմամբ»:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ այդ 1000 դրամով փորձում են խաղալ ժողովրդի զգացմունքների վրա եւ լրացուցիչ հարկատեսակ սահմանել՝ այդ քողածածկույթից հետո, ինչը շատ ցինիկ մոտեցում է: Նա առաջարկեց բյուջեում դա մտցնել եւ զինվորների համար գումար նախատեսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ