Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդար չէ, որ Էդուարդ Շարմազանովն ու նվազագույն աշխատավարձ ստացողը նույն գումարը տան»

Նոյեմբեր 14,2016 14:30

ԱԺ փոխխոսնակը անքննելի է համարում «ազգային տուրքի» գաղափարը,
իսկ մնացյալ բոլորը հարցերը քննարկելի են

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ճանաչում է բազում մտավորականների, քաղաքացիների, նաեւ ընդդիմության ներկայացուցիչների, ովքեր ապրիլյան պատերազմից հետո մասնավոր զրույցներում եւ սոցցանցերում առաջարկել են ուղղակի մասնակցություն ունենալ անվտանգության խնդիրների լուծմանը: Այդ իսկ պատճառով չի կիսում «Առավոտի» այն դիտարկումը, որ երեկ կառավարության ընդունած որոշումը` ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների եւ նրանց ընտանիքների հատուցման հիմնադրամ ստեղծելու մասին, հանրությունը վրդովմունքով ընդունեց: «Սա պարտադրված որոշում չէ:

Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչպես է մեր հասարակությունն իր երեխայի վերջին կտոր հացը զինվորին տանում: Միգուցե գաղափարը սխալ է ներկայացվել, բայց սա իշխանությունից եկած պարտադրանք չէ, սա ժողովրդից եկած մաքրամաքուր պահանջ է, որին իշխանությունը պաշտոնական տեսք է տվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: Բազմաթիվ քննադատություններ հնչեցին սոցիալական ցանցերում, նաեւ ընդդիմադիր պատգամավորները հայտարարություններ արեցին այն մասին, որ պետությունը փորձում է իր բեռը դնել հանրության ուսերին, որ դա լրացուցիչ հարկատեսակ է եւ այլն: «1-2-3 կամ նույնիսկ 10 ֆեյսբուքյան գրառումը կամ մի քանի ընդդիմադիրների կարծիքը բացարձակ մեծամասնության կարծիք չէ»,- պատասխանում է Էդուարդ Շարմազանովը` հավելելով. «Ազգային տուրքի գաղափարը, որ յուրաքանչյուր քաղաքացի իր, նաեւ նյութական, թեկուզ սիմվոլիկ մասնակցությունն ունենա անվտանգության խնդիրների, զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը, վիրավորների առողջական խնդիրների լուծմանը, սա քննարկելո՞ւ բան է:

Սա անքննելի եւ անքննարկելի խնդիր է, որը պետք է ընդունելի լինի բոլորի կողմից: Այս առաջարկի հիմքում բարոյականությունն է դրված: Համերաշխությունը քրիստոնեական արժեքային համակարգ է»: Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ սա հարկ չի, պարտադրանք չի, ու ինքը վստահ է, որ բոլորը ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ` վկայակոչելով նորմալ երկրների, ասենք՝ Իսրայելի օրինակը, որտեղ «ազգային տուրքի» գաղափարը գործում է բավական հստակ: «Ասել` բա պետությունն ինչի՞ համար է, որ մարդիկ պետք է տան… այդ պետությունը ես եմ, դուք եք, մյուսն է: Պետությունը միայն իշխանությունը չէ»,- ասում է մեր զրուցակիցը: Այն հաշվարկներին եւ հայտարարություններին, ըստ որոնց՝ այս հիմնադրամին վճարումներ կատարելով ՀՀ քաղաքացիների հարկերն ավելանում են 1,5 տոկոսով, ԱԺ փոխխոսնակը հակադարձում է. «Անվտանգության, համերաշխության, ազատամարտիկների խնդիրները բոլորինս են: Եվ այս հիմնադրամի ստեղծումը նաեւ ուշացած է: Նաեւ բարոյական է, եւ քննարկելու խնդիր չկա»:

Նա չի վիճարկում մտահոգություն-մտավախությունները ոչ թափանցիկ, ոչ արդյունավետ կառավարման մասին: Ավելին՝ հիշեցնում է, որ դրա մասին խոսեց նաեւ հանրապետության նախագահը: Ու հայտարարում է` եկեք ոչ թե գաղափարն աղավաղենք, այլ քննարկենք` ինչպե՞ս անել, որ ՀՀ որեւէ քաղաքացու մոտ կասկած չառաջանա թեկուզ մեկ լումայի ծախսման առումով: «Ճանաչելով Վիգեն Սարգսյանին՝ ես համոզված եմ, որ ինքը պատրաստ է, որպեսզի բոլորով միասին քննարկենք ու գտնենք հիմնադրամի արդյունավետ, օբյեկտիվ կառավարման մեխանիզմներ:

Բայց համազգային խնդիրներում հանրության մասնակցության հարցը, կներեք, քննարկելու չէ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հարց հնչեցնելով եւ իր հարցին պատասխանելով. «Արդյոք արդա՞ր է, որ Էդուարդ Շարմազանովը, որը ստանում է մի քանի անգամ ավելի շատ աշխատավարձ, քան նվազագույն աշխատավարձ ստացողը, նույն 1000 դրամը տան: Իհարկե` ոչ: 1000 դրամը նվազագույն շեմն է: Ես կարծում եմ, որ դա էլ կքննարկենք, որ ավելի շատ աշխատավարձ ստացողը տա ավելի շատ, քիչը` քիչ: Այս բոլոր ձեւերն ու մեխանիզմները քննարկելու խնդիր են: Քննարկելու է նաեւ «պարտադիր» բառը հանել-չհանելը, բայց ոչ՝ գաղափարը: Այդ գաղափարը վարկաբեկելը դավաճանության նման բան է»: Էդուարդ Շարմազանովը մեջբերում է Նապոլեոնին` ասելով, որ թեեւ ժամանակները փոխվել են, բայց այդ խոսքերը արդիական են` այն հասարակությունը, որը պատրաստ չէ պահել եւ հոգ տանել սեփական բանակի եւ զինված ուժերի մասին, ստիպված է կերակրել ուրիշի բանակը: Էդուարդ Շարմազանովը մտածում է նաեւ, որ պետք է նաեւ ձեւ գտնել այս գործընթացին սփյուռքի մեր հայրենակիցներին էլ մասնակից դարձնելու համար, այդ թվում նաեւ՝ վերահսկողական ֆունկցիաներում:

Մեր զրուցակիցը պատմում է, որ ապրիլյան պատերազմից հետո իր ընկերները աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են եկել, զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին օգնություններ բերել, ու ինքն էլ նրանց հետ միասին մեքենայով գնացել է տարբեր շրջաններ` գումարը հասցեատիրոջը փոխանցելու համար: Նա կարծում է, որ հիմնադրամի ստեղծմամբ այս հարաբերություններն ավելի քաղաքակիրթ են դառնում եւ ավելի հարմար, ու նվիրաբերողն էլ հնարավորություն է ունենալու հետեւել դրամական շարժին, ոչ թե «Մոսկվայից գա, Էդուարդ Շարմազանովի եւ Տաճատ Վարդապետյանի հետ մեկ շաբաթ գնա Ալավերդի շրջանի Ակորի գյուղը կամ գնա Արագածոտնի շրջանի այս գյուղը, հետո գա Երեւան, որպեսզի զոհվածների ընտանիքներին գումար տա»:

Մեկ շաբաթ առաջ էլ Էդուարդ Շարմազանովը եղել է առաջնագծում ու փաստում է, որ մեր առաջնագիծը զինված է լավագույն տեխնիկական միջոցներով, բայց բյուջեից այդ նպատակի համար գումար չի ծախսվել. «Էն մարդիկ, որ խոսում են, թե՝ թող պետությունը անի… չգիտե՞ն, որ մեր պետությունը չունի այդքան մեծ գումարներ: Էդպես խոսողների մեծ մասը երեւի առաջնագիծ չի էլ գնացել»: Ի դեպ, Թալիշում եղած օրերին, տեսնելով գյուղի ավերակ դարձած դպրոցն ու մանկապարտեզը, ԱԺ նախագահը եւ որոշ պատգամավորներ դրամահավաք են նախաձեռնել գյուղի դպրոցի ու մանկապարտեզի վերանորոգման համար: Արդեն 5 միլիոն 200 հազար դրամ գումար է հավաքվել: Այս դրամահավաքն էլ համազգային է` 5 000- 500 000 դրամ ներդրում արած քաղաքացիներ կան, ու խնդիրն այն չէ, որ ԼՂՀ կառավարությունը գումարներ չունի կամ անհրաժեշտության պարագայում բարերարները չեն օգնի: Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ այս գաղափարը պետք է մեր մեջ արմատավորվի, եւ ինչպես ճշմարիտ քրիստոնյան իր տասանորդը տալիս է եկեղեցուն, այնպես էլ մեր քաղաքացիները համազգային հարցերի համար պետք է նվիրատվություններ անեն. «Այսօր չկա Արցախի հարց. կա հայկական հարցի արցախյան դրսեւորում: Մեր ճակատագիրն այնտեղ է լուծվում, եւ այնպես չէ, որ ապրիլյան դեպքերը չեն կարող կրկնվել»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

12.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930