Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնյա եւ ոչ պաշտոնյա քաղաքացիներն ու մեր բանակը

Նոյեմբեր 14,2016 14:00

Բոլորը պիտի պահեն բանակը՝ ըստ սեփական եկամուտների

Որ Հայաստանի ոչ պաշտոնյա քաղաքացիները պատրաստ են, ինչպես ասում են՝ իրենց վերջին շապիկը տալ բանակին՝ ակնհայտ է արդեն 27 տարի, եւ վերջին անգամ ցցուն երեւաց ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից հետո: Որ կառավարության նախաձեռնած նոր ստեղծվելիք հատուցման հիմնադրամին մեր ոչ պաշտոնյա քաղաքացիները ամսական 1000 դրամ կտան՝ մազաչափ չեմ կասկածում: Զարմանում եմ մեր պաշտոնյա քաղաքացիների՝ կառավարիչների տրամաբանության վրա: Չե՞ն տեսնում ոչ պաշտոնյա քաղաքացիների պահվածքը:

Ուրեմն կառավարությունը ուզում է զոհված կամ վիրավոր զինվորականների ընտանիքներին հոգ տանելու համար հիմնադրամ ստեղծել, ուր ամեն աշխատող քաղաքացի, անկախ եկամտի չափից, ամսական 1000 դրամ պիտի փոխանցի: Արդեն հաշվարկներ կան՝ տարեկան մոտ 20 միլիարդ դրամ է հավաքվելու: Տա Աստված, որ մեր զինվորականները ոչ զոհվեն, ոչ վիրավորվեն, եւ այս 20 միլիարդը դառնա պետական ներդրում, բազմապատկվի ու ծառայի մեզ: Բայց ինչո՞ւ զինվորին ուղղված այս գումարը մեր պաշտոնյա քաղաքացիները՝ կառավարիչները, չեն կապել մարդու եկամտի հետ: Հենց հատուցման հիմնադրամի մասին պաշտոնական հայտարարությունը եղավ, առաջինը հենց այս հարցը ծնվեց. ինչո՞ւ ամեն քաղաքացի ներդրում չանի՝ ըստ եկամուտների: Մեր պաշտոնյա քաղաքացիները՝ կառավարիչները, ասացին՝ կքննարկենք: Ուրեմն եթե ոչ ոք նման հարց չտար, այդպիսի անհավասար մոտեցո՞ւմ պիտի լիներ: Ոչ պաշտոնյա քաղաքացի կա, որ տարեկան 1 միլիոն դրամ եկամուտ ունի՝ իր աշխատավարձը: Պաշտոնյա քաղաքացի կա, որ ամսական այդքան եկամուտ ունի: Նաեւ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ կան, որ այսօր չեն աշխատում, բայց պաշտոնյա եղած տարիներին այնքան են «հետ քցել», բիզնեսներ ունեն, որ հիմա վատ չեն ապրում, ավելի լավ, քան տարեկան մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող ոչ պաշտոնյա քաղաքացին: Անուններ թվարկելու համար երկար մտածել պետք չէ. Ռոբերտ Քոչարյան, Երվանդ Զախարյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան, Գագիկ Խաչատրյան, Սուրիկ Խաչատրյան, Վարդան Ղուկասյան եւ այլք: Ի հավելումն՝ այս պաշտոնյաների մի մասի որդիները բանակում չեն ծառայել: Ստացվում է, որ Հայաստանում կան երկու տեսակի քաղաքացի՝ բանակ պահող եւ բանակից բոլոր առումներով խուսափող: Բայց մեր բանակը նաեւ խուսափողներին եւ նրանց ունեցվածքն է պաշտպանում:

Այս անհավասարությունը բացառելու լավագույն եւ միակ ձեւը զոհված կամ վիրավոր զինվորականների ընտանիքներին հոգ տանելու համար հիմնադրամում ըստ եկամտի ներդրումների համակարգ ստեղծելն է: Այստեղ պաշտոնյային կամ նախկին պաշտոնյային չի օգնի անգամ սեփական բիզնեսը ազգականի անունով գրանցելու «խորամանկությունը»: Եթե բիզնեսը գրանցված է եւ եկամուտ է բերում, ուրեմն կա մարդ, ում գրպանն է գնում այդ եկամուտը: Նա էլ կվճարի իր եկամտին համարժեք գումար մեր զինվորականների համար: Չգրանցված բիզնեսները կմնան պետությանը եւ բանակին անհաղորդ, բայց սա այլ թեմա է:
Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին, բանակի համար նախատեսված փողը իրենց գրպանն էին դրել: Անգամ դրանից հետո մեր ոչ պաշտոնյա քաղաքացիները չեն դադարում օգնել զինվորին, ծառայել բանակում: Մեր պաշտոնյա քաղաքացիները՝ կառավարիչները, սա չե՞ն տեսնում, որ անարդարությունների եւ անհավասարությունների երկիր Հայաստանում ուզում են եւս մեկ անարդար-անհավասար համակարգ ստեղծել: Բանակը բոլորին է պաշտպանում, եւ բոլորը պիտի պահեն բանակը՝ ըստ սեփական եկամուտների:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է ապօրինի հարստացումը քրեորեն պատժելու համար օրենսդրական հիմք ստեղծել: Հիանալի է: Առաջարկում եմ ապօրինի ճանապարհով 10 դրամ դիզած քաղաքացուց բռնագանձել 20 դրամ՝ կրկնակի, եւ ողջ գումարը տալ բանակին՝ հագուստ, սպառազինություն, զինվորականների ընտանիքների հանդեպ հոգատարություն եւ այլն:

 

«Առավոտ»

12.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930