Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ելույթը
Համահայկական լրագրողական 8-րդ համաժողովում
Հարգելի՛ նախագահողներ, սիրելի՛ գործընկերներ,
ես իմ ելույթում կանդրադառնամ երեք կարեւոր խնդիրների:
Առաջինը: Համաժողովի այս օրերին, թե՛ երեկ Երեւանում, թե՛ այսօր Ստեփանակերտում, մենք անվերջ խոսում ենք տեղեկատվական անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, կարեւորում այն եւ ուղիներ որոնում այդ անվտանգությունը համատեղ ուժերով ապահովելու համար:
Կարդացեք նաև
Միաժամանակ, մենք երբեմն մոռանում ենք, որ 21-րդ դարում, տեղեկատվական այս ահռելի հոսքերի պայմաններում, տեղեկատվական հասարակությունների ձեւավորման, կայացման այս ընթացքում տեղեկատվական անվտանգության ապահովման առաջնահերթ, կարեւոր սկզբունքը ազատ տեղեկատվական դաշտի ձեւավորումն է, Հայաստանում տեղեկացված հասարակության կայացումը, ճշմարիտ տեղեկատվության ապահովումը, այլ ոչ թե սուտ ու կեղծիք եւ ապատեղեկատվություն տարածելը: Այս գործում ամենակարեւոր դերը վերապահված է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, որը թե՛ իր սփռման տարածքով, թե՛ տեխնիկական հնարավորություններով, թե՛ հասարակական գործառույթներով բացառիկ կարեւոր դերակատարում ունի: Մինչդեռ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է ապատեղեկատվական կամ փակ տեղեկատվական համակարգի: Մենք լավ հիշում ենք, որ թե՛ ապրիլյան պատերազմի եւ դրան հաջորդող ժամանակահատվածում, թե՛ Երեւանում՝ հուլիսյան ճգնաժամի օրերին, Հ1-ը կամ տեղեկատվություն չէր հաղորդում, կամ ապատեղեկատվություն էր հաղորդում: Միայն իշխանություններին հաճո, գրաքննվող տեղեկատվություն հաղորդելը նշանակում է արհամարհել մասնագիտական արժեքները եւ սկզբունքները: Նորից ընդգծեմ՝ տեղեկատվության ապահովումը, տեղեկատվության հասանելիությունը եւ մատչելիությունն են տեղեկատվական անվտանգության ապահովման կարեւոր պայմանները:
Երկրորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, հետեւյալն է. մեր հասարակական, քաղաքական, լրատվական, տեղեկատվական զարգացումներում մենք անվերջ համեմատվոււմ ենք Ադրբեջանի հետ: Ադրբեջանում երկու տեղեկատվական կայք փակվեց, մեզ մոտ չորսը բացվեց, Ադրբեջանում ազատ կամ ընդդիմադիր ԶԼՄ-ներ չկան, մեզանում կան, եւ այլն, եւ այլն, ուրեմն՝ կեցցենք մենք: Իմ համոզմամբ, վաղուց արդեն ժամանակն է, որ մենք բարձրացնենք մեր հասարակական ձգտումների, ԶԼՄ-ների կայացման, պետության խնդիրների եւ նպատակների սահմանման նշաձողը եւ դադարենք համեմատվել Ադրբեջանի հետ: Ավելին: Մենք պետք է համեմատվենք առաջադեմ Եվրոպայի հետ եւ ձգտենք հասարակական, քաղաքական, պետական զարգացումներում, խոսքի եւ մամուլի ազատության ապահովման առումով հասնել առաջադեմ եվրոպական պետություններին:
Եվ վերջապես՝ երրորդ խնդիրը, որին կանդրադառնամ, հետեւյալն է. 1994թ. մարտից, երբ Բուդապեշտի համաժողովում որոշում ընդունվեց Մինսկի համաժողով հրավիրելու մասին՝ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար, այսինքն, երբ հիմք դրվեց ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնացմանը, մենք մեր հասարակությանը սկսեցինք վարժեցնել փոխզիջումների գաղափարի հետ: Մենք այնքան էինք խոսում դրա մասին, որ արդեն սկսեց փոխզիջումների անխուսափելիության գաղափարն արմատավորվել: Սա էլ իբր քիչ էր, այժմ էլ սկսել ենք խոսել ազատագրված տարածքների վերադարձի մասին: Կարեւորելով բազմակարծության եւ հասարակական քննարկումների ապահովման ժողովրդավարական սկզբունքները՝ մենք պետք է նաեւ փոխենք հասարակական մթնոլորտը եւ դադարենք մեր հասարակությանը հաշտեցնել այդ վտանգավոր գաղափարների հետ, այլ մտածենք ազատագրված տարածքները պահպանելու եւ վերաբնակեցնելու մասին:
Եվ վերջում. ես այն տպավորությունը չունեմ այս ուղեւորությունից, թե եկել եմ այլ պետություն, թեկուզ, ինչպես ընդունված է ասել, հայկական երկրորդ պետություն: Ես վստահ եմ՝ ես եկել եմ Հայաստանի անքակտելի մաս կազմող Լեռնային Ղարաբաղ:
* ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը կայացել է այս տարվա հոկտեմբերի 20-24-ը Երեւանում եւ Ստեփանակերտում:
«Առավոտ»
12.11.2016