Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկը նորովի կարող է մեկնաբանել միայն հանճարեղ երաժիշտը»

Նոյեմբեր 14,2016 13:00

Ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ եւ չինացի դիրիժոր Ջեյմս Փ. Լիուի ղեկավարությամբ՝ Սվետլանա Նավասարդյանը հանդես կգա Ռախմանինովի դաշնամուրային 2-րդ կոնցերտի մեկնաբանմամբ:

Սվետլանա Նավասարդյան անունը այցեքարտ է երկրի համար ու հետեւաբար, նրա յուրաքանչյուր բեմելը՝ տոն: Արվեստագետի մեկնաբանած ստեղծագործությունների ցանկը ներառում է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված շուրջ 60 կոնցերտ, այդ թվում՝ Բախի, Մոցարտի, Բեթհովենի բոլոր կոնցերտները: Արտասահմանյան մամուլը հայ դաշնակահարին մոգական է կոչել, երաժշտական աշխարհը՝ անուրանալի անհատականություն, դաշնամուրային հրաբուխ: Իսկ երաժշտագիտական քննադատությունը, փորձելով տալ նրա կատարողական ինքնության սահմանումը, Սվետլանա Նավասարդյանին խորհրդանիշ է կարգել՝ խորհրդանիշ ընդվզումի, որ դեմ է այն ամենին, ինչը ընդհանրապես արվեստում, մասնավորապես՝ դաշնամուրային, առօրեականություն ու կանխատեսելիություն է մարմնավորում:

Մեր արվեստագետի երաժշտական կարիերան լի է նաեւ անվանի երաժիշտների հետ համագործակցության բազմաթիվ դրվագներով աշխարհի ավելի քան 40 երկրներում:
«Առավոտի» հետ Սվետլանա Նավասարդյանը նախկին զրույցներից մեկում առանց մանրամասնելու հայտնել էր, որ վերջին շրջանում հաճախակի է իր համագործակցությունը Փարիզի Ecole Normale de Musique, Ստոկհոլմի Lille Academia, Էսսենի Hochschule fur Musik, ինչպես նաեւ Գերմանիայի, Ճապոնիայի երաժշտական հեղինակավոր այլ հաստատությունների հետ, ու հավելել, թե հայ հանդիսատեսին երբեք սպասումով չի թողել:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հոկտեմբերի 12-ին՝ չինացի դիրիժոր Ջեյմս Փ. Լիուի ղեկավարությամբ, Սվետլանա Նավասարդյանն արդեն որերորդ անգամ հանդես կգա Ռախմանինովի դաշնամուրային 2-րդ կոնցերտի մեկնաբանմամբ:

svetlana_navasardyan

Սվետլանա Նավասարդյանը եւ Ջեյմս Փ. Լիուն՝ գլխավոր փորձի ժամանակ:

Նույն ստեղծագործությունը քանիցս մատուցելով, արվեստագետների մեծ մասը նշում է, որ ամեն անգամ նորովի են մեկնաբանում: Այս տեսակետի առիթով դաշնակահարի խոսքը հակիրճ էր ու դիպուկ. «Նորովի կարող է մեկնաբանել միայն տաղանդավոր կամ հանճարեղ երաժիշտը»: Ինչ վերաբերում է տասնամյակներ շարունակ Ռախմանինովի դաշնամուրային այս ստեղծագործության սեփական մեկնաբանմանը, դաշնակահարը կարեւորեց դիրիժորի դերը. «Առաջին անգամ եմ բեմ բարձրանալու Ջեյմս Փ. Լիուի ղեկավարությամբ: Բայց պետք է նշեմ, որ կոնցերտի մեկնաբանման հարցում ոչ թե դիրիժորն է ղեկավարում, այլ մենակատարը՝ լինեմ ես կամ մեկ այլ երաժիշտ: Ի պատիվ չինացի դիրիժորի, նշեմ, որ առաջին փորձից նա հասկացավ ինձ եւ կարողացավ «հավաքել» նվագախումբը:

Հիշեք՝ եթե ստեղծագործությունը գրված է, այս դեպքում՝ դաշնամուրի համար, ապա յուրաքանչյուր ստեղծագործական դրվագ պետք է թելադրի հենց դաշնակահարը: Կրկնում եմ՝ անկասկած, մեծ դերակատարում ունի դիրիժորը»:

«Առավոտի» հետ զրույցում Ջեյմս Փ. Լիուն, որ առաջին անգամ է համագործակցելու Սվետլանա Նավասարդյանի հետ, իր հիացմունքը հայտնեց դաշնակահարուհու հասցեին, հետո էլ ասաց. «Ուսանել եմ եւ վարպետության դասերի հաճախել անվանի շատ պրոֆեսորների մոտ, այդ թվում՝ Գուստավ Մայերի, Լարրի Ռախլեւի, Միշել Ռոխենի, Լիու Յանի, Էլիաս Արիցկուրենի, բայց ձեր համերկրացի Լեւոն Գրիգորյանն իմ ներսում եղածին ավելացրեց հայկական կրակը, ինչն այնքա՜ն առատ է, որ հաճախ ստիպված եմ լինում սանձել»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930