Սիրանուշ Աղաջանյանը 23 տարեկան է, ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի Գրաֆիկայի բաժինը: Ստեղծագործում է նկարչության տարբեր ժանրերով՝ գրաֆիկա, գեղանկար, խճանկար, զարդարվեստ: Վերջին շրջանում տարվել եւ տրվել է կոլաժներին:
Օրերս Աբովյան 12 հասցեում գործող «Դալան» ցուցասրահում բացվեց եւ կգործի մինչեւ նոյեմբերի 14-ը Սիրանուշի կոլաժների՝ «Հղումներ» խորագրով անդրանիկ ցուցահանդեսը: Երիտասարդ ստեղծագործողը կարողացել է հնարավորի ու անհնարինի, գեղեցիկի ու տգեղի, դասականի ու աբստրակտի, իրականի ու անիրականի, բազմաբնույթ եւ հակասական համադրությամբ ասելիքն ամբողջացնել ու փոխանցել դիտորդին, ստիպելով վերջինիս եւս ստեղծագործել իր ընկալման մեջ, քանզի ասելիքը բարդ է եւ հիշեցնում է բազմակի լուծումներով խնդիր: Չնայած իր խոհերում եւ մտորումներում դիտորդն ազատ է ու անկախ, այդուհանդերձ, հազիվ թե նրան հաջողվի հասնել ստեղծագործողի մտքին ամբողջությամբ, քանզի Սիրանուշը տարբեր նյութերի կիրառմամբ, գույնի եւ գծի լեզվով խոսելիս միաժամանակ բազմաշերտ ասելիքով է ներկայանում, ասես երկխոսում է աշխարհի, միայնակ մարդկանց, երազողների, հաջողակների, ընկածների հետ՝ թափանցում նրանց հոգու խորքը, մերթընդմերթ մենախոսելով… իսկ այդ ամենն ընկալելու, հասկանալու համար ժամանակ եւ խորաթափանցություն է պետք…եւ որքան էլ պերճախոս բառեր գտնվեն զգացածը նկարագրելու, փոխանցելու համար, միեւնույն է, այն տեսնել է պետք…
Ու պատահական չէր, որ ներկաներից Ռազմիկ Արաբյանի խոսքը հնչեց էքսպրոմտ բանաստեղծությամբ ՝
Հազար գիծ` շեղ ու խոտոր,
Հազար երազ` աստղածոր,
Հազար ու մեկ ըմբոստ գույն,
Հազար թռիչք` բարձրագույն,
Արուեստը քու` նոր ու հին,
Գեղանկար անվրձին,
Միատեղ ցավ ու բարիք,
Տաղանդաշատ Հայ աղջիկ …
Ցուցասրահը բազմամարդ էր ինչպես բացման արարողության ժամանակ, այնպես էլ մնացած օրերերին: Այստեղ է շտապում արվեստասեր հասարակայնությունը, ասել է թե՝ կայացել է ստեղծագործողի եւ դիտողի երկխոսությունը:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ»
12.11.2016