Մարզական ոլորտի կարեւորագույն դեմքերից է Ռաֆայել Վահանյանը, որը բոլոր ժամանակների աշխարհի ու Եվրոպայի լավագույն շախմատիստներից մեկն է մեր երկրում: Նա հաստատուն քայլերով ճանապարհ բացեց դեպի մեծ սպորտը եւ նպաստեց Հայաստանում սպորտի եւ օլիմպիական շարժման առաջընթացին: Քիչ չեն եղել դժվարություններն ու խոչընդոտները, բայց համառության ու աշխատասիրության շնորհիվ նա հաղթահարել է դրանք եւ արժանացել մի շարք պետական պարգեւների եւ մարզական բարձր կոչումների: Եղել է 1989 թվականի ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատային օլիմպիադաների (1984 եւ 1986թթ.), աշխարհի թիմային առաջնությունների (1985թ., 1989թ.), Եվրոպայի (1980, 1983, 1989թթ.) չեմպիոն չորս անգամ՝ ուսանողական առաջնությունների հաղթող, Երեւանի պատվավոր քաղաքացի (2012թ.):
Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում, 16 տարեկանում դարձել է ԽՍՀՄ դպրոցականների չեմպիոն, 18-ում հաղթող է դարձել միջազգային պատանեկան մրցաշարում:
1971 թվականի միջազգային մրցաշարում Ռաֆայել Վահանյանը գրավել է առաջին տեղը եւ ՖԻԴԵ-ի կոնգրեսը նրան շնորհել է միջազգային գրոսմայստերի կոչում:
Վահանյանը 1985 թվականից Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետ է:
Հայաստանի անկախացումից հետո Վահանյանը մեր երկրի ազգային հավաքականի կազմում երկու անգամ արժանացել է համաշխարհային օլիմպիադաների, երեք անգամ՝ աշխարհի, մեկ անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր:
Նա պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության (1984թ.), «Պատվո նշան» (1987թ.) շքանշաններով, «Աշխատանքային արիության համար» մեդալով:
Հայաստանի Հանրապետությունն իր տաղանդավոր զավակին պարգեւատրել է «Մովսես Խորենացի» (2001թ.) եւ «Հայրենիքին մատուցած ծառայության համար» առաջին աստիճանի (2011թ.) մեդալներով:
2011թ. Վահանյանին է շնորհվել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: 2012թ. արժանացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման:
Կարդացեք նաև
Վահանյանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ռեկտորի՝ սպորտի եւ մշակութային հարցերով խորհրդականն էր:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գրոսմայստերների խորհրդի նախագահն է:
2015 թվականին Երեւանում բացվեց Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը: Նորակառույց մարզադպրոցը ապահովված է դասասենյակներով, կան հարմարավետ պայմաններ՝ նորացված մարզասրահ՝ համապատասխան գույքով: Մարզադպրոցում պարապում է շուրջ 380 պատանի շախմատիստ:
Մարզադպրոցը ղեկավարում է Ռաֆայել Վահանյանը, իսկ պատանի շախմատիստների հետ մարզումներ են անցկացնում հանրապետության բարձրակարգ մարզիչ-մանկավարժները:
Հայաստանում շախմատի զարգացման եւ տարածման գործում ունեցած իր աշխատանքային գործունեության եւ ակնառու ծառայությունների համար Վահանյանը արժանացել է կառավարության եւ հանրության մեծամեծ հարգանքի եւ մինչ օրս նա իր պարտքը կատարում է բարեխղճորեն: Իր կենսասիրությամբ աչքի ընկնող Ռ. Վահանյանը մեծ հեղինակություն է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Համեստ մարդկային հատկանիշներով ու մասնագիտական հմտություններով օժտված անհատականությունը սպորտի բնագավառի ներկայացուցիչների եւ այլոց կողմից մշտապես արժանացել է հարգանքի:
Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռաֆայել Վահանյանին, միանում են նրա 65-ամյակի առթիվ հնչած բարեմաղթանքներին, շախմատային աշխարհի անունից ջերմ շնորհավորանքներ հղում հարգարժան մասնագետին, ցանկանալով քաջառողջություն, ամենայն բարիք, երկար տարիների կյանք, ընտանեկան երջանկություն, հաջողություններ, մաղթում սպորտի ասպարեզում նորանոր ձեռքբերումներ՝ հուսալով, որ մասնագիտական կարողությունները ու ժամանակի մեջ կոփված հմտությունները կծառայեն սպորտին եւ հարազատ մարզաձեւին:
«Առավոտ»
12.11.2016