Հանրային խորհրդում բազմիցս քննարկվել է համաշխարհային հայկական կառույցներ ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ աշխատանքներն ակտիվացան հատկապես այն պահից, երբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովում հանձնաժողովի սփյուռքահայ շրջանակների կողմից առանձնահատուկ ընդգծվեց հարցի կարևորությունը, և ստեղծվեց աշխատանքային հանձնախումբ, որը պետք է համապատասխան առաջարկություններ մշակեր:
Այդ նպատակով Հանրային խորհրդում նույնպես ստեղծվեց աշխատանքային խումբ, որտեղ արդեն ներկայացվել ու քննարկվել են տարբեր ծրագրեր ու առաջարկներ:
Դրանցից մեկի հեղինակն է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
«Ամբողջությամբ կիսելով մեր քաջ հայտնի ազգակիցների՝ վերջերս հրատարակված բաց նամակում արտահայտված մտահոգությունները, գտնելով որ իրոք <գլոբալ հայերի> ապագան այսօր է կերտվում, և անհրաժեշտ է աշխարհով մեկ համատեղել ջանքերը, արդյունավետ համագործակցության կազմակերպման լավագույն լուծումները գտնել և կյանքի կոչել այն՝
Ստորև ներկայացնում եմ իմ կողմից առաջարկվող մոտեցումների համառոտ նկարագրությունը:
Կարդացեք նաև
Ինքնակառավարվող Համազգային միաձույլ կառույցի ձևավորման
ծրագրի ընդհանուր դրույթները
Չնայած Համազգային կառույցների ձևավորման հարցը բազմիցս է բարձրացվել տարբեր ատյաններում, և եղել են բավականին լուրջ առաջարկություններ, ծրագրեր, սակայն, ցավոք սրտի, դրանց զգալի մասը, որպես կանոն, հիմնվել են ոչ ճիշտ, հնացացած պատկերացումնների վրա: Թյուր կարծիք է իշխել, թե մեկ է, վաղ թե ուշ սփյուռքը դատապարտված է ուծացման, և որ իմաստ էլ չունի սփյուռքի համար մշակել ազգապահպանության երկարաժամկետ ծրագրեր, փորձել ձևավորել ինքնակարգավորվող, ամբողջական համակարգ, ինչը բնական է, վերջին շրջանում բերել էր այն սխալ հետևությանը, որ համատեղ ջանքերը, հավաքագրված միջոցները պետք է ուղղվեն հիմնականում Հայաստանի և Արցախի հզորացմանը, իսկ Սփյուռքը ինչպես կարող է, ինչքան կարող է, կդիմանա:
Գտնելով, որ ներկայումս ստեղծվել է աշխարհաքաղաքական այնպիսի բարենպաստ իրավիճակ, որ բոլորովին էլ կարիք չկա ավելորդ զգուշավորության, և կարելի է առանց թաքցնելու, բացեիբաց սկսել համազգային գործուն կառույցների ձևավորման գործընթացը և կարելի է, օգտվելով հեռահաղորդակցման ոլորտում առկա հեղափոխական նվաճումներից, կազմավորել աշխարհասփյուռ համազգային կառույցների մի այնպիսի ամբողջական համակարգ, որի գլխավոր նպատակը պետք է լինի պայմաններ ստեղծել, որպեսզի.
Մեր ժողովուրդը որպես նպատակային գործունեության ունակ ամբողջական սուբյեկտ, որպես տեղեկացված, գիտելիքահենք հանրության, որպես ազգային և համամարդկային արժեքներով ուղղորդվող միաձույլ ազգ-կազմակերպության կարողանա՝
ա) Աշխարհով մեկ պահպանելով և զարգացնելով իր կարողություններն ու առանձնահատկությունները հավասարի իրավունքով ներգրավվել և ակտիվ մասնակցությամբ նպաստել համընդհանուր քաղաքակրթության առաջընթացին՝,
բ) Կարողանա իրեն արժանի, իր ուրույն տեղն ու դերը գրավել պատմական արդի զարգացումներում, դիմակայել արտաքին մարտահրավերներին
գ) Նպաստավոր պայմաններ ապահովի, որպեսզի մեր հայրենակիցները և՛ Հայրենիքում, և՛ Սփյուռքում ապրեն ավելի արժանապատիվ ու ավելի բարեկեցիկ կյանքով:
Հիմնարար սկզբունքը
Աշխարհասփյուռ կառույցների աշխատանքը և այդ կառույցներում ներգրավվածների հետ հարաբերություններն առաջին հերթին պետք է կարգավորվեն ազգային պատկանելության գիտակցումից բխող որոշակի նորմերի, պարտավորությունների հոժարակամ ընդունման հենքով:
Բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի հաստատման, ներգրավվածների կարողությունների և ջանքերի արդյունավետ համադրման երաշխիքներ ապահովելու համար սույն ծրագրով առաջարկվում է Համազգային կառույցի համար որդեգրել հետևյալ հիմնարար սկզբունքները.
Ներազգային մրցակցության կանոնները հնարավորինս մեղմ պետք է լինեն, հարաբերությունները ազգակիցների միջև առաջին հերթին պետք է կառուցվեն փոխաջակցման, փոխօգնության ոգով, նպաստեն յուրաքանչյուրի կարողությունների, հնարավորությունների բացահայտմանը: Պայմաններ պետք է ստեղծվեն, որ մեր հայրենակիցներն իրենց նախասիրությունների, հնարավորությունների համաձայն ներգրավվեն, մասնակցեն կառույցի ձևավորմանն ու դրա աշխատանքներին և ամենուր կարողանան ապրել ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով:
Կառույցի կարգախոսը.
Իրեն Հայ զգալը, ազգային պատկանելության գիտակցումը, մասնակցությունը ազգանպաստ գործերին պետք է արժանի լինի նաև նյութական լուրջ խրախուսման:
Համագործակցության և փոխօգնության ազգային միասնական կառույցի ձևավորման ծրագրերը կազմելիս առաջին հերթին հաշվի են առնվել հետևյալ հանգամանքները՝
1. Քաղաքակրթական արդի զարգացումներում մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը գրավելու համար անհրաժեշտ է կառույցը նախագծել այնպես, որ այն առաջին հերթին իր առջև խնդիր դնի պայմաններ ստեղծել, նպաստել, որ աշխարհով մեկ ձևավորվի ժամանակակից, տեղեկացված, գիտելիքահենք, նպատակային ամբողջական գործունեության ունակ, միավորված հայ հանրություն:
2. Ներկայումս, բազմամշակութային միջավայրի առավելությունները նկատի ունենալով, աշխարհի հզոր երկրներից շատերը և միջազգային ազդեցիկ կազմակերպությունները հետևողականորեն պարտադրում են, որ ամենուրեք.
• ռասայական խտրականությունն ու քսենոֆոբիան արգելվեն.
• չոտնահարվեն փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները.
• հնարավորություն տրվի նրանց կրթվել նաև իրենց մայրենի լեզվով .
• ժողովուրդները (անկախ մեծությունից) իրենց դերակատարումն ունենան, իրենց առանձնահատկությունների պահպանմամբ մասնակցեն քաղաքակրթության համընդհանուր առաջընթացին:
Այս ամենն ազատ գործելու լայն հնարավորություններ է տալիս մեզ, ուստի նախագիծը կազմվել է առանց ավելորդ սահմանափակումներ մտցնելու, և նախատեսվել է պաշտոնապես սկսել կառույցի ձևավորման գործընթացը:
Նախագիծը կազմելիս հաշվի են առնվել նաև հեռահաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտում առկա նվաճումներից օգտվելու նոր լայն հնարավորությունները: Այդ թվում այն, որ ներկայումս՝
• մեր ազգակիցները առանց դժվարության կարող են անկախ հեռավորությունից, բնակության վայրից անարգել հաղորդակցվել միմյանց հետ համացանցի, սոցիալական ցանցերի օգնությամբ և ձևավորել համագործակցության, փոխօգնության կազմակերպման գործուն միավորումներ,
• օգտվելով տեսաձայնային կապի ապահովման արդի միջոցներից՝ հնարավոր ձևավորել տարբեր տեղերում բնակվող աշխատակիցներից կազմված հեռակառավարվող, հեռակարգավորվող աշխատանքային մարմինների այնպիսի մի ամբողջական համակարգ, որն ունակ կլինի հաղթահարել սփռվածության հետ կապված բոլոր խոչընդոտները և հետևողականորեն իրականացնել նպատակային, միասնականացված գործունեության:
Նկատի ունենալով աշխարհասփյուռ կառույցների գործունեության կազմակերպման այն առանձնահատկությունը, որ փոխհարաբերությունները կառույցի ներսում հիմնականում պետք է կարգավորվեն ոչ թե հարկադրանքի, նյութական անմիջական կախվածության, այլ ազգային պատկանելության գիտակցումից բխող որոշակի բարոյական նորմերի, պարտավորությունների հոժարակամ ընդունման հենքով, ինչպես նաև հաշվի առնելով ուծացման դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման, փոխօգնության առողջ մթնոլորտի ձևավորման առաջնահերթ անհրաժեշտությունը՝ ծրագրով նախատեսվում է, որ Կառույցն առաջին հերթին պետք է ունենա Ազգապահպանության և Քարոզչական այնպիսի հզոր հանձնախմբեր, որոնք աշխարհով մեկ կկարողանան ներկայացնել, թե ինչ նպատակով և ինչ խնդիրների լուծման համար է ձևավորվում կառույցը, ինչ կարող է այն տալ մեր ժողովրդին, և ինչու է անհրաժեշտ, որ մեր հայրենակցները՝ անկախ բնակության վայրից, ներգրավվեն, մասնակցեն և՛ կառույցի ձևավորմանը, և՛ ընթացիկ աշխատանքներին:
Արդյունավետ գործող ազգային կառույցի ներսում ազգակիցների միջև փոխհարաբերություններն առաջին հերթին պետք է կարգավորվեն վերը նշված հիմնարար սկզբունքներով, իսկ կառույցի գործունեության հիմնական նպատակներից մեկը պետք է լինի նպաստավոր պայմանների ապահովումը, որ ամենուր մեր հայրենակիցներն ապրեն ավելի ապահովված, ավելի արժանապատիվ կյանքով:
Քանի որ որոշակի աջակցություն, արտոնյալ պայմաններով անհրաժեշտ ծառայություններ ստանալու հնարավորություն ունեցող մարդկանց լավ կազմակերպված խմբերը, որպես կանոն, նյութականում էլ մեծ առավելություններ են ունենում մյուս խմբերի, առանձին գործող անհատների նկատմամբ, Համազգային կառույցի շրջանակում, առավել ևս ինքնիշխան պետության որոշակի աջակցության դեպքում, կարելի է ձևավորել խորհրդատվական, փորձի, գիտելիքների փոխանակման, իրավունքների և շահերի պաշտպանության կազմակերպման, ներդրումային և բազմաբնույթ այլ աջակցման ծառայություններ մատուցող արդյունավետ կազմավորումներ` ներգրավելով, համախմբելով մասնագիտական համապատասխան կարողություններ ունեցող անձանց: Իսկ բարեկամական, ազգակցային կապերը, մշակույթային, ժառանգված ընդհանրությունները, ազգակիցների նկատմամբ հոժարակամ ստանձնվող պարտավորությունները, փորձով, գրտելիքներով կիսվելու պատրաստակամությունը փոխօգնության նոր լայն հնարավորություններ կարող են ընձեռել մեր հայրենակիցներին:
Այդ հնարավորությունները հաշվի առնելով` Կառույցի համար, որպես առաջնահերթ կարևորության խնդիր, նախատեսվել է պայմանների ստեղծել, որպեսզի աշխարհով մեկ կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում ձևավորվեն ներազգային համագործակցության, փոխօգնության կազմակերպման այնպիսի արդյունավետ գործող խմբեր, որոնք ամենուր մեր հայրենակիցների համար նյութական լրացուցիչ ձեռքբերումների, առաջխաղացման նպաստավոր պայմաններ կապահովեն:
Սույն Նախագծը կազմվել է այն համոզմամբ, որ նման կազմակերպված աջակցության դեպքում բոլոր հնարավորությունները կան կյանքի կոչելու հետևյալ կարգախոսը` ամենուր մեր հայրենակիցներն արժանի են ապրելու ավելի արժանապատիվ և ավելի բարեկեցիկ կյանքով:
Համոզված եմ, որ մեր հայրենակիցներն ու հայրենական կազմակերպությունները հնարավորություն կունենան, չեն զլանա կառույցի օգնությամբ ստացված իրենց լրացուցիչ եկամուտների մի փոքր մասը` որպես ազգային տուրք, տրամադրել համազգային կառույցների բնականոն աշխատանքի ապահովմանը:
Տալով շարժառիթների, մոտեցումների, հնարավորությունների այս համառոտ նկարագրությունը՝ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել նաև, որ սույն Նախագծով (որի մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով www.armnational.am կայքը) նկարագրվում է, թե ինչպես պետք է ձևավորվեն Համագործակցության և փոխօգնության ազգային կառույցի կարգավորման, կառավարման մարմինները նրա Համազգային խորհուրդը, հանձնախմբերը, Գործադիր խորհուրդը, ինչպես նաև ծառայությունները, նրանց առջև առաջիկայում ինչ խնդիրներ պետք է դրվեն, ինչ միջոցներով և ինչ ուղղությամբ պետք է կազմակերպվի դրանց գործունեությունը:
Մասնավորապես սահմանվում է, թե ինչ կազմ պետք է ունենա, ինչպես պետք է ձևավորվի և գործի Համազգային խորհուրդը, նրա նախագահությունն ու հանձնախմբերը, ինչ ձևով, ինչ պարբերականությամբ պետք է նրանք գումարեն իրենց նիստերը: Նկարագրվում է, թե Հայաստանի Հանրապետությունը՝ որպես բոլոր հայերի Հայրենիք, ինչ պարտավորություններ պետք է ստանձնի, և փոխադարձ աջակցման ինչ պայմաններով և ինչ եղանակներով պետք է կազմավորվեն ու գործեն հայազգի գիտնականների, արվեստի գործիչների, ժողովրդական արհեստագործների միավորումները, ինովացիոն կենտրոնները, իրավունքների, շահերի պաշտպանության, խորհրդատվության, հեռավար ուսուցման կազմակերպման և այլ ինչ ծառայություններ պետք է ձևավորվեն կառույցի շրջանակներում: Սփյուռքի համայնքներում ինչպես պետք է կազմավորվեն համախմբման, ազգապահպանման կենտրոնները, կիրակնորյա դպրոցները, ինչպես պետք է ձևավորվի Համազգային մշակույթային վիրտուալ տարածքը համացանցում, մայրաքաղաքային հեռակապի կենտրոնի կողմից հեռահաղորդակցման ապահովման, հեռակարգավորման, հեռախորհրդատվական ինչ ծառայություններ պետք է մատուցվեն մեր հայրենակիցներին, և ինչ գործառույթներ պետք է իրականացնեն գործարարության աջակցման և իրավունքների պաշտպանության ազգային կազմավորումները:
Նախագծում տրվում է նաև, թե ինչ կարգով և ինչպես պետք է վերը նշված պարտավորությունները հոժարակամ ստանձնած մեր հայրենակիցներն ընդգրկվեն և մասնակցեն կառույցի, նրա կարգավորման, կառավարման մարմինների աշխատանքներին, և միջոցների հավաքագրման ինչ իրատեսական հնարավորություններ կլինեն:
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` կոչ եմ անում Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի բոլոր կարող ուժերին և անձանց համախմբվել Համագործակցության և փոխօգնության համազգային կառույցի ձևավորման գաղափարի շուրջ, իրենց առաջարկություններով և դիտողություններով մասնակցել քննարկումներին, սկսել և համատեղ ջանքերով բարելավել, կյանքի կոչել մի այնպիսի արդյունավետ կառույց, որը հնարավորություն կտա մեզ առաջիկայում մեր արժանի տեղն ու դերը գրավելու աշխարհում:
ՀԽ անդամ Արշակ Սադոյան
Հ.Գ. Նորից եմ տեղեկացնում, որ ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ www.armnational.am կայքում»: