Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պողոտայի ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով ևս մեկ նախնական դատական նիստ նշանակվեց

Նոյեմբեր 14,2016 10:46

2016 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Հարությունյանի, կայացավ 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննության շրջանակներում նախնական դատական նիստ: Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Վ. Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը, պատասխանող Վ. Պետրոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Դատավարության մասնակիցների անձը, ինքնությունը և լիազորություններն ստուգելուց հետո պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հայտնեց, որ Վ. Պետրոսյանը դատական նիստի մասին տեղեկացվել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, որևէ փաստաթուղթ, այդ թվում նաև՝ հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, չի ստացել, ուստի միջնորդեց հնարավորություն տալ ծանոթանալու դրանց և համապատասխան առարկություններ ներկայացնելու դատարան, որի համար խնդրեց հետաձգել դատական նիստը և նշանակել ևս մեկ նախնական դատական նիստ: Նախագահող դատավոր Ա. Հարությունյանը նշեց, որ գործում առկա է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալու փաստը հավաստող հետադարձ անդորրագիրը, սակայն Վ. Պետրոսյանը պնդեց, որ նշված հայցի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ստացել: Հայցվորի ներկայացուցիչը միջնորդության դեմ առարկություն չներկայացրեց: Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել, հետաձգել նախնական դատական նիստը և նշանակել ևս մեկ նախնական դատական նիստ, որը կկայանա 2017 թ. հունվարի 26-ին՝ ժամը 14:30-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930