Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի է ունենալու մաեստրո Տիգրան Մանսուրյանի համերգ-երեկոն՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան), Գյումրիի Տիրամայր Հայաստանի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Ռոբերտ Մլքեյան)։
Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է։ Այս գիշեր հատուկ այս համերգին մասնակցելու նպատակով Վիեննայից ժամանեց աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց համերգ-երեկոյի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը՝ մեզ տրամադրելով լուսանկար օպերային երգչուհուն «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու պահից։
«Մեծանուն հայ օպերային երգչուհին այսօրվանից ամբողջապես կներգրավվի ստեղծագործական աշխատանքների մեջ։ Ինչպես գիտեք, արդեն սկսվել են ստեղծագործական աշխատանքները, իսկ ամսի 18-ին մենք հնարավորություն կունենանք վայելելու այսքան սպասված համերգը Գյումրիում, որը Գյումրու Սև Բերդ ամրոցում կհամախմբի ոչ միայն գյումրեցիներին, այլ Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչներին։ Այս համերգն առիթ դարձավ, որպեսզի Հայաստանի տարբեր քաղաքներից, հեռավոր մարզերից, նույնիսկ Արցախից մարդիկ մի օր շուտ գան Գյումրի, գիշերեն Գյումրիում, մասնակցեն մաեստրո Մանսուրյանի համերգին, որից հետո հնարավորություն կունենան տեսնելու Գյումրու մշակութային միջավայրը»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։
Նշենք, որ համերգի հետաքրքրությունը չափազանց մեծ է եւ վաճառքի տոմսեր գրեթե չեն մնացել։ Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ