Նոյեմբերի 13-ին կայացավ գրող, լրագրող Արթուր Հայրապետյանի երրորդ` «Սարդոստայն» գրքի շնորհանդեսը: «Այս գիրքը տարբեր շերտերի, տարբեր նախասիրությունների տեր մարդկանց մասին է: Հարաբերութուններ, որոնք կան իրականության մեջ, բայց դրանով ես փորձել եմ գեղարվեստական լեզվով վեր հանել այն ցավոտ խնդիրները, որոնք իրենց գոյությամբ, ըստ էության, օգնում են մարդուն… շնորհակալ եմ գրքիս խմբագրին, որն այնքան լավ է աշխատել, որ նախորդ օրը կարդում էի ու այնպիսի տպավորություն էր, ասես` ես չեմ գրել: Ուստի շնորհակալ եմ Սեդա Կարապետյանին` ինձ դիմանալու համար»,-ասաց հեղինակը: Արթուր Հայրապետյանը իր ժողովածուն ցողեց գինով, ապա նրան հանձնվեց Ամերիկայի հայ գրողների միության անդամատոմս:
Aravot.am-ը հետաքրքրվեց` հատո՞ւկ է շնորհանդեսն այնպիսի օր ընտրել, որ համընկնի Վանո Սիրադեղյանի ծննդյան 70-ամյակի օրվա հետ: «Ճիշտն ասած անակնկալ ստացվեց, որովհետեւ ամեն րոպե սպասում էի, որ պետք է շնորհանդեսը կայանա: Պարզապես զուգադիպեց Վանո Սիրադեղյանի ծննդյան օրվա հետ, ինչի համար ուրախ եմ»,- ասաց Արթուրը: Ինչ վերաբերում է վերնագրին, «փակագծեր չբացեց», ասելով, որ դա թողնում է ընթերցողին:
Իսկ ո՞րն է իր պատմվածքների ժողովածուի ուղերձը: Այս մասին էլ հեղինակն ասաց. «Իմ ամեն մի գրի մեջ մարդն է, մարդու մասին եմ գրում, նրա ներաշխարհի մասին, այն ազնիվ հոգու մասին, որ կարող է ապրեցնել »:
Կարդացեք նաև
Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը, որն արդեն գնել էր գիրքը: «Շատ խորհրդանշական է, որ Արթուրի գրքի շնորհանդեսը համընկել է Վանո Սիրադեղյանի ծննդյան օրվա հետ, որովհետեւ Արթուրը հայտնի է իր համարձակ տեքստերով: Առաջին երկու գրքերին ծանոթ եմ, հավանել եմ: Սա էլ ձեռք բերեցի, կծանոթանամ ավելի հիմնավոր կարծիք կհայտնեմ: Արթուրը ոչ միայն իր լիրիկական տեքստերով է հայտնի, այլեւ համարձակությամբ»,-ասաց Նարեկ Մալյանը:
Շնորհանդեսին մասնակցում էին մշակութային եւ այլ ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ