Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Ֆելիքս Ցոլակյանը՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2016 20:59

ԱԺ ընտրություններին ընդառաջ որոշ կուսակցություններ արդեն սկսել են կազմել իրենց ցուցակը։ Օրինակ՝ Գյումրիում արդեն իսկ անգիր գիտեն, թե ովքեր են պատրաստվում առաջադրվել ՀՀԿ-ի ցուցակով։ Այդ ցուցակով կառաջադրվի ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Մարտուն Գրիգորյանը, քանի որ վերջինս  պայմանավորվածության համաձայն հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, համաձայնեց  սատարել Սամվել Բալասանյանին այն պայմանով, որ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով դարձյալ մտնի Ազգային ժողով։

ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինի նաև Շիրակի մարզի բնակչության ու պաշտոնյաների մոտ մեծ հարգանք վայելող Շիրակի նախկին մարզպետ, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը, որն այս պահին նախագահի վերահսկողության ծառայության պետն է։ Իհարկե, գեներալ Ֆելիքս Ցոլակյանին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում առաջադրելը պատահական չէ, նրան այնքան են գնահատում Շիրակի մարզում, որ  վերջինս իր մեծ վարկանիշով կարող է ձայներ բերել այս մարզում վստահությունը կորցրած Հանրապետական կուսակցությանը։ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի մեջ մտնելու հավակնություն ունի նաև Սամվել Բալասանյանի գործարար որդին՝ Միսակ Բալասանյանը։

Վերջինիս հավակնությունները, մեր տեղեկություններով,  միանշանակ չի ընդունվում տեղի ՀՀԿ-ականների կողմից, շատերը դեմ են նրա թեկնածության առաջադրմանը, քանի որ ռեյտինգային տեղերը սահմանափակ են, իսկ Շիրակի մարզով պատգամավոր դառնալու ցանկություն ունեն թե՛«Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, թե՛ Արթիկի քաղաքապետի ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանը։ Էլ չենք խոսում Սուքիաս Ավետիսյանի մասին, որն ակտիվ պատգամավոր է, ու, որոշ խոսակցությունների համաձայն, կառաջադրվի ՀՀԿ-ի համապետական ցուցակով։ ՀՀԿ ցուցակից, ըստ այս կուսակցության տարածած լուրերի,  կարծես դուրս կմնա Աշոտ Աղաբաբյանը։

Ինչևէ, Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզի կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե  արդեն պատրա՞ստ է ցուցակը, ովքե՞ր  են ընդգրկված ու որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ ՀՀԿ վերնախավն անձամբ է խնդրել գեներալ Ցոլակյանին առաջադրվել իր ցուցակով՝ Շիրակի մարզում իշխող կուսակցությանը վարկանիշը բարձրացնելու  հատուկ նպատակով։ Սահակ Մինասյանը թեև  ՀՀԿ  ցուցակից անուններ չուզեց հնչեցնել, սակայն ասաց, որ ՀՀԿ տարբեր կառույցներում քննարկումներ եղել են, թեև հիմնական փուլը դեռ առջևում է։

«Կունենաք շատ երևելի, ճանաչված,  հանրության կողմից ընդունված անձանցով կազմված ցուցակներ»,- ասաց Սահակ Մինասյանը։ Հարցին, թե երևելի մարդիկ համաձայնո՞ւմ են ընդգրկվել Շիրակի մարզում ցածր վարկանիշ ունեցող Հանրապետական կուսակցության ցուցակում, Սահակ Մինասյանը չհամաձայնեց հարցադրման հետ, պնդեց, որ Հանրապետականը Շիրակում լավ համբավ ունի, որը ապացուցվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։

«Ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, մենք մեր սխալներն ու բացթողումները առաջինն ենք բարձրաձայնում և բարձրաձայնում ենք մենք ինքներս։ Եվ կհամաձայնե՞ն Հանրապետականի ցուցակ մտնելու արտահայտությունը ես, կներեք, չեմ ընդունում, որովհետև Հանրապետական կուսակցությունը ինքն է համաձայնվում որևէ մեկին ցուցակ ընդգրկելու խնդրի շուրջ», -ասաց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը։  ․

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Երբևէ չեմ քվեարկել իշխող կուսակցության թեկնածուի օգտին. սակայն հանուն Ցոլակյանի նման մեծատառ մարդու պատրաստ եմ խախտել սկզբունքս. քանի,որ մարդուն պետք է գնահատել արժանիքների համար և ոչ կուսակցական պատկանելության:

  2. Երվանդ says:

    Խելոք է մտածված, քանի որ նման մարդու հեղինակությունը ցանկացած կուսակցության ցեխից կհանի: Ուղղակի իշխանությունը շատ պետք է համալրված լինի նմանօրինակ անձանցով: Սա է ճանապարհը երկրի փրկության և Ձեր ունեցվածքի պահպանման: Նրանք նվիրված կաշխատեն, Դուք էլ կվայելեք: Կստացվի, որ գայլերը կուշտ են, իսկ ոչխարներներն էլ անվնաս:

  3. K.O. says:

    Ինչ տվեց , ինչ արեց Ցոլակյանը մարզի համար? Լավ մարդ լինել` չի նշանակում լինել լավ ղեկավար:Ժամանակն է տարբերակել այս երկու որակները, մարզի գյուղերի վիճակը ողբալի էր ու ողբալի էլ մնաց նաև Ցոլակյանի օրոք, դա փաստ է

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930