Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է Արմեն Ենգոյանի հեղինակած «Առաջնագծում» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին: Ձեռնարկը կյանքի է կոչվել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ: Սա «Առաջնագծում» ֆոտոշարքի վաթսուն էսքիզների երկրորդ ցուցադրությունն է. առաջինը կայացել էր ս.թ. սեպտեմբերին Երեւանում` Թեքեյան Կենտրոնում:
Շուշիում ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Շուշիի եւ Քաշաթաղի շրջվարչակազմերի ղեկավարներ, արվեստասերներ Շուշիից, Ստեփանակերտից ու Բերձորից, ինչպես նաեւ ուսանողներ, զինվորականներ:
Ցուցահանդեսը, որի կարգախոսն է «Մեր ապագան հուսալի ձեռքերում է», անդրադառնում է ապրիլյան հերոսամարտերին եւ իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի ապրելու եւ արարելու ցանկությունն ու ձգտումը: Հեղինակն իրականում սահմանագիծ մեկնել էր ոչ թե լուսանկարելու նպատակով, այլ որպես երկրապահ, կամավոր անդամագրվելով «Մերգելյան» ջոկատին: Հանդիպելով երիտասարդ հերոսներին, անտարբեր չի մնացել եւ փորձել է յուրովի մատուցել այդ օրերի փաստագրությունը, սահմանային կյանքը:
Նայելով առաջնագծում կանգնած զինվորների աչքերին, մտածում ես, թե ինչքան մեծ է հայ ժողովրդի հավատն առ Աստված եւ հասկանում, թե ինչ հայրենասեր սերունդ է դաստիարակվել անկախության 25 տարիների ընթացքում: Զինվորների հայացքներում տեսնում ես բարություն, ապագայի նկատմամբ հավատ ու հույսեր: Աստված պահապան հայ զինվորին ու մեր ժողովրդին:
«Առաջնագծում» ցուցահանդեսը Շուշիի արվեստի կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. նոյեմբերի 30-ը:
Հայ լուսանկարիչ Արմեն Ենգոյանը ծնվել է Երեւանում 1955թ-ին: Ավարտելով Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է որպես փականագործ, ռոբոտային համակարգերի նախագծող, ճարտարապետ, գծագրության եւ համակարգչային նախագծման ուսուցիչ, ինչպես նաեւ Հայաստանի GPS համակարգի համար ծրագրի ստեղծման խմբում: Հայկական բնակավայրերի պաշտպանական գործողությունների մասնակից է:
Աշխատանքային առօրյա գործունեության ընթացքում զբաղվել է լուսանկարչությամբ: Իսկ վերջին տարիներին ամբողջովին իրեն նվիրել է սիրված աշխատանքին: 2012թ. ՀՀ Մշակույթի նախարարության «Իմ եւ մեր հաղթանակները» մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի: Արմեն Ենգոյանի լուսանկարները բազմիցս տպագրվել են հայաստանյան եւ արտասահմանյան ամսագրերում, թերթերում, ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Հունգարիայում, ԱՄՆ-ում:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ