Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Իլհամ Ալիեւը հանդիպել է Ադրբեջանի առաջնագծի զինվորներին եւ հակահայկական հայտարարություններ արել. «Մենք մեր հողի վրա ենք, սա Ադրբեջանն է: Լելե Թեփեն նույնպես Ադրբեջան է, Շուշին նույնպես Ադրբեջան է, Խանքենդին նույնպես Ադրբեջան է: Մենք չենք հավակնում ոչ մեկի հողին, սակայն մեր հողերի վրա մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»:
Բացի այդ, Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն է սկսել, որը տեւելու է նոյեմբերի 11-18-ը եւ այդ մասին միջազգային կառույցներին չի տեղեկացրել: Այդ մասին Ադրբեջանը պարտավոր էր տեղեկացնել միջազգային կառույցներին, սակայն դա չի արել: Ներգրավված է մոտ 60 հազար զինծառայող, մեծ քանակությամբ տեխնիկա:
Այն, որ Ալիեւը հիմա է ընտրել այդ հայտարարությունների զորավարժությունների համար՝ պատահական չէ: Aravot.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց, որ դա պայմանավորված է ԱՄՆ-ում տիրող անիշխանությամբ. «ԱՄՆ–ն պատասխանատու է աշխարհում տիրող իրավիճակի համար: Եվ քանի որ հիմա ԱՄՆ-ում անիշխանություն է՝ կա ընտրված նոր նախագահ, որն իր լիազորությունները կստանձնի հունվարի 20-ին եւ արդեն հեռացվող նախագահ, միջանցքը շատ հարմար է ստատուս քվոն փոխելու, նոր ստատուս քվո ստեղծելու համար: Այսինքն՝ հունվարի 21-ին ԱՄՆ նոր նախագահը կարող է ստանալ նոր ստատուս քվո՝ մեր հայրենիքում: Այդ իմաստով ես հասկանում եմ պատերազմի ծրագիր կազմողներին: Եթե նրանք հարձակվեն եւ հաղթեն՝ կլինեն իրադրության տերը, եւ ԱՄՆ-ն ժառանգություն կստանա այդ նոր կարգավիճակը»:
Ըստ պարոն Արշակյանի, գերտերությունում իշխանություն կա թե չկա, հանրապետականներն են, թե դեմոկրատները, դա մեզ չպետք է խանգարի՝ պատրաստ լինել ինքնապաշտպանությանը: Ինքնապաշտպանությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի: ՀՀ ԶՈւ-ն պետք է միշտ լինի մարտունակ:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այն, որ Ալիեւը իր զինվորներին ասում է, թե իբր իրենք իրենց հողերի համար են կռվում, դա ինչ-որ ձեւական ուղե՞րձ է, թե՞ նա գիտակցում է իր զինվորների թույլ կողմը, որ նրանք սրտացավ, լավ չեն կռվում, որովհետեւ մեզ պես իրենց հողը չեն պաշտպանում՝ Ազատ Արշակյանը պատասխանեց, որ մեզ պետք չի ասել, որն է մերը, որը մերը չի. «Ալիեւը իր սեղանին ըստ երեւույթին ունի Լենին-Աթաթուրք դաշինքի գծած քարտեզը, դա դրել է առաջը եւ 1921-ից հետո իբր թե աշխարհում ոչ մի բան չի փոխվել: Լենինն ու Աթաթուրքն ասել են, որ դա մերն է, ինքը դա է կրկնում: Մենք էլ ասում ենք՝ նոր քարտեզ ունենք, այդ քարտեզով Մինսկի խմբի Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի հայտարարությունով աշխարհը փոխվել է, այդ քարտեզը, որ գծել են Լենինն ու Աթաթուրքը, ուժի մեջ չի, որովհետեւ չկա Լենին պապիկի Սովետական միությունը: Երաշխավորը այդ սահմանների անձեռնմխելիության եւ Ադրբեջանին պատկանող պետությունը լիկվիդացվել է, ջախջախվել, պարտվել, փլուզվել է մեռել է, չկա: Ինքը դիակին է հիշում, դիակի կտակը, որը մենք չենք ճանաչում: Մեր բանակն այսօր, որտեղ կանգնած է՝ դա մեր հայրենիքն է: Մենք դա ենք ընդունում: Մինսկի խումբը ճանաչում է այսօրվա ստատուս քվոն, որ մեզ բավարարում է»:
Պարոն Արշակյանի կարծիքով Ալիեւը ոչ թե մեզ է դա ասում, այլ՝ Մինսկի խմբին. «Ալիեւը օրացույցը շփոթել է, այսօր կա ուրիշ աշխարհ: Ալիեւը բացահայտ ասում է՝ մենք դեմ ենք, որ Սովետական միությունը կործանվել է: Բայց երբ կործանվեց Սովետական միությունը, չեղյալ հայտարարվեց նաեւ Լենին-Աթաթուրք դաշինքը»:
Նոյեմբերի 6-ին «Պահեստազորի սպաների համահայկական միություն» ՀԿ նախագահ Վարդան Ավետիսյանը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում կամավորական ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել ուժերը` Ադրբեջանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար: Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ «Շատ ճիշտ էր Վարդան Ավետիսյանի հայտարարությունը: Ես ինքս Վարդան Ավետիսյանի հայտարարությունից հետո հագուստս պատրաստել եմ, ուսապարկս թարմացրել եմ եւ սպասում եմ կոչին, հրամանին: «Ամարաս» ջոկատի տղաներս բոլորս էլ դա լուրջ են ընդունել եւ պատրաստ են մեկնել ռազմաճակատ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ