Ամեն ինչից զգացվում է, որ Հայաստանի Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները լինելու են անհամեմատ ավելի գաղափարական, քան նախորդ ընտրություններն են եղել: Չնայած նախորդ ընտրությունների ժամանակ էլ ընտրվողների շարքերում եղել են արեւմտամետներ եւ ռուսամետներ, այդուհանդերձ, ոչ արեւմտամետներն էին իրենց արեւմտամետ համարում ու անվանում եւ ոչ էլ ռուսամետներն էին բացեիբաց հայտարարում, թե իրենք ռուսամետ են:
Ավելին՝ երկուսն էլ հրապարակավ հայտարարում էին, որ իրենք ոչ արեւմտամետ են եւ ոչ էլ ռուսամետ, այլ բացառապես ու միայն հայամետ, եւ նախընտրական պայքարն ընթանում էր հիմնականում այն թեմայով, թե նրանցից ով ավելի բարեկեցիկ ու բարգավաճ կյանք կապահովի Հայաստանի քաղաքացիների համար:
Հիմա էլ են ընտրվել ցանկացողներն ու տենչացողները հավատացնում ու հավաստիացնում, որ իրենց ընտրվելու դեպքում Հայաստանի շարքային քաղաքացիներիս կյանքը կտրուկ կբարեփոխվի ու կլավանա: Այդուհանդերձ, հիմա, ի տարբերություն նախորդ անգամների, մեր արեւմտամետները ոչ միայն չեն թաքցնում, որ իրենք արեւմտամետ են, այլեւ անթաքույց հայտարարում են, որ Հայաստանի բոլոր արեւմտամետ քաղաքական ուժերը պետք է ԱԺ առաջիկա ընտրություններում նախընտրական դաշինքով հանդես գան: Սա նշանակում է, որ այս ընտրություններն, այնուամենայնիվ, տարբերվելու են նախորդներից: Ընդ որում՝ էապես ու արմատապես են տարբերվելու: Համենայնդեպս, մեր տպավորությունն այդպիսին է: Ինչպես նաեւ՝ մեր ցանկությունն է այդպիսին: Եվ մեր ցանկությունն իրականություն դառնալու միանգամայն լուրջ հիմքեր ու պատճառներ ունի: Եվ հիմքերն ու պատճառները ոչ միայն գաղափարական քաղաքական ուժերի, այլեւ գաղափարական անհատների առկայությունն է: Ընդ որում, գաղափարական, բայց անկուսակցական եւ նույնիսկ ապակուսակցական անհատների առկայությունը, ինչը, թերեւս, նույնպես նորություն է անկախ Հայաստանի ներքաղաքական կյանքում:
Անհատներ ասելով՝ նկատի ունենք նրանց, ովքեր քաղաքականության մեջ լինելով՝ որեւէ կուսակցության անդամ չեն, բայցեւ իրենք իրենցով կուսակցության կշիռ ու նշանակություն ունեն: Ասածս առաջին հերթին վերաբերում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ճանաչված ու սիրված գործարար Ռուբեն Վարդանյանին: Ասում ենք սիրված, քանի որ վերջինիս մասին միայն լավն ենք կարդացել ու լսել, եւ նույնիսկ լրատվամիջոցները վերջինիս մասին բացասական բաներ չեն գրում: Նաեւ Կարեն Կարապետյանի մասին բացասական բաներ չեն գրում, եւ նորանշանակ վարչապետի առումով էլ կարող ենք ասել «սիրված», քանի որ շատերն են նրա հետ լուրջ հույսեր կապում:
Հետաքրքիր է, որ երկուսն էլ որոշակի ժամանակաշրջան աշխատել են Հայաստանից դուրս, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանում, եւ եթե Կարեն Կարապետյանի մասին չար կամ բարի լեզուներն ասում են, որ վերջինս Մոսկվայից ու Կրեմլից է «ուղարկված», Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Մոսկվայի ու Կրեմլի մասին որեւէ բան չեն ասում: Այսինքն՝ Ռուբեն Վարդանյանը քաղաքական առումով միանգամայն անկախ ու ինքնուրույն դեմք է ներկայացվում: Առայժմ: Ավելին. չնայած վերջինս իբրեւ գործարար ու անհատականություն Ռուսաստանում է ձեւավորվել ու կայացել, այդուհանդերձ, որոշ ու որոշակի շրջանակներում դիտվում է որպես արեւմտյան արժեքների կրող:
Կարդացեք նաև
Այս երկուսի անունները միաժամանակ ենք հիշում ու նշում ոչ միայն այն պատճառով, որ երկուսն էլ Ռուսաստանի հետ միանգամայն սերտ կապեր ունեն, եւ երկուսի հետ էլ մեզանում որոշակի հույսեր են կապվում, այլեւ այն պատճառով, որ վերջերս ինքը՝ Ռուբեն Վարդանյանն էլ էր իր հարցազրույցներից մեկում լուրջ հույսեր կապում նորանշանակ վարչապետի հետ: Փաստորեն, երկուսի հետ էլ հույսեր կապողներ կան, եւ վերջերս իր հարցազրույցներից մեկում նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» Գարեգին Չուգասզյանն էր Ռուբեն Վարդանյանի եւ Կարեն Կարապետյանի հետ լուրջ հույսեր կապում: Գարեգին Չուգասզյանը նույնպես անհատականություն է, բայց, ի տարբերություն Ռուբեն Վարդանյանի եւ Կարեն Կարապետյանի, քաղաքական որոշակի ուղղվածություն ունեցող կազմակերպության անդամ է, ավելին՝ ղեկավար անդամ: Իր հարցազրույցում Չուգասզյանը նաեւ կարծիք էր հայտնել, որ Ռուբեն Վարդանյանը հնարավորություն ունի դառնալ հայկական Իվանիշվիլի:
Կարեն Կարապետյանն էլ է հարցազրույցներ տվել, ընդ որում՝ բավական ընդարձակ: Երեքի հարցազրույցներն էլ բավական ընդարձակ են եւ մի առումով շատ նման են իրար. երեքի հարցազրույցներից էլ դժվար է ենթադրել՝ նրանք արեւմտամե՞տ են, թե՞ ընդհակառակը:
Ժողովրդին էլ առանձնապես չի հետաքրքրում՝ ով է արեւմտամետ, ով՝ ոչ: Համոզված եմ, որ ընտրությունների ժամանակ էլ առանձնապես չի հետաքրքրելու: Ժողովրդին միայն մի բան է հետաքրքրում՝ ո՞վ կամ ովքե՞ր կարող են բարելավել ու հնարավորինս լավացնել իր կյանքը:
Այսինքն՝ անցել են ծայրահեղ ու միակողմանի արեւմտամետության եւ ծայրահեղ ու միակողմանի ռուսամետության ժամանակները, եւ այդ է պատճառը, որ Հայրիկյանի եւ մեր երդվյալ մյուս արեւմտամետների արտահայտած քաղաքական գաղափարներն ու մտքերն այսօր միանգամայն դեկլարատիվ են հնչում: Ավելին՝ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ նախագահ Թրամփն ավելի ռուսամետ է, քան մեր Հայրիկյանը:
Այսօրվա քաղաքական գործիչն ավելի շատ եւ ավելի հաճախ թաքցնում է իր աշխարհաքաղաքական տեսակետներն ու մոտեցումները, քան ցուցադրում է դրանք: Կարճ ասած՝ այսօրվա քաղաքական գործիչներն անհամեմատ ունիվերսալ են, եւ ամենեւին մի զարմացեք, եթե որեւէ քաղաքական գործչի կարծիքը հակասում է իր իսկ նախորդ կարծիքին: Ճիշտ այնպես, ինչպես այս հոդվածի վերջը հակասեց սկզբին:
Որովհետեւ խառը ժամանակներ են:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
12.11.2016