Նոյեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող Արշակունյաց թագավորների դամբարանում բացվեց հայոց արքաների մասունքներն ամփոփող երրորդ սնդուկը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել էր երեք սնդուկ՝ մասունքներով: Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի առաջարկով՝ երրորդ սնդուկի բացման արարողությանը ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ` այդ թվում` մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արեւ Սամուելյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, իսկ 131 պատգամավորներից ներկա էր միայն ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հրավեր էր ուղարկվել նաեւ մշակույթի նախկին նախարարին եւ նախկին վարչապետին, բոլոր պատգամավորներին, սակայն նրանք չէին ժամանել:
Սնդուկը բացելու հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ-ում ՌԴ, Բելառուսի, Ճապոնիայի, Հունաստանի դեսպանները, օտարերկրացի զբոսաշրջիկներ եւ բիզնեսմեններ:
Մշակույթի ոլորտում ունեցած ներդրման համար Արագած Ախոյանը պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Կարդացեք նաև
Իմիջիայլոց, պատգամավորը հոգեհաց տվեց հայոց արքաների հոգու հանգստության համար: Նրա խոսքով, վայրը ոչ միայն սրբատեղի է, այլեւ պետք հայոց պետականության նվիրյալների համար երդման արարողավայր դառնա ու Հայոց պետականության թանգարան հիմնադրվի տեղում: Նա համոզված է, որ համապատասխան ենթակառուցվածքների ու բարեկարգման դեպքում տեղանքը կարող է դառնալ նաեւ զբոսաշրջային կենտրոն:
Հնագիտական արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը նշեց, որ երրորդ սնդուկում եւս աճյուններ են, ոսկորներ`մաքրված մսեղիքից եւ համապատասխանող պատմական իրողությանը: Այստեղ դարձյալ հայոց արքաների մասունքներն են ամփոփված: Նա նշեց, որ առաջարկ է հնչեցրել վայրը հայոց պետականության թանգարան դարձնելու համար:
«Սա սկիզբն է այն մեծ շարունակության, որը՝ այս ամենը տեսնելով, կարող եք ենթադրել, թե ինչի կարող է վերածվել: Պարզապես պետք է լինեն համապատասխան հատկացումներ, դրամական միջոցներ, որպեսզի կարողանանք ոչ միայն թանգարանացման, պեղման ու ուսումնասիրման աշխատանքներն իրականացնել, այլև լուծել ենթակառուցվածքների խնդիրը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Միջոցառմանը ինքնատիպ կոլորիտ հաղորդեցին «Լույս», երգչախումբը, «Բերդ», պարային անսամբլը, եւ Ժիրայր Դադասյանի կարդացած հուզիչ ու տպավորիչ տեքստը:
Հավելենք, որ Արշակունյաց թագավորների դամբարանի բարեկարգման սկիզբը մեկնարկել էր դեռեւս ՀՀ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Դե մեռած – գնացած մարդիք են… Ոչ իշխանություն ունեն, ոչ փող… Այ որ իրենցիցց մեկը մեռնի, հաճույքով կգնան… Բա ո՜նց…