«Գործի դատական քննության ընթացքում դատարանը գործադրել է անհրաժեշտ բոլոր ջանքերը տուժող Վահան Մարտիրոսյանի ներկայությունն ապահովելու համար, ինչը հնարավորություն կտար ամբաստանյալին իրականացնել իր հակընդդեմ հարցման իրավունքը, ինչից նա զրկված է եղել նախաքննության ընթացքում: Դատաքննությամբ պարզվել է, որ տուժող Վ. Մարտիրոսյանը հեռացել է Հայաստանից ու գտնվում է Ադրբեջանում, ինչը դատարանի գնահատմամբ՝ նշանակում է, որ դատարանը զրկված է իրավասու մարմիններին հանձնարարություն տալու միջոցով կամ միջազգային իրավական օգնության դիմելով պարզել տուժողի գտնվելու վայրը՝ նկատի ունենալով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի գործում որեւէ իրավական փոխօգնության պայմանագիր, ու հնարավոր չէ նաեւ Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների կողմից ակնկալել բարի կամքի դրսեւորում, դատարանը արձանագրել էր, որ ապացույցների գնահատման մի մասը կապված է տուժողի հետ»:
26-ամյա Դավիթ Սիմոնյանը (նկարում) Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով արդարացվել էր: Նա արդարացվել էր կատարված հանցագործությանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու եւ «նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված լինելու հիմքով»:
Վերաքննիչ քրեական դատարանը դատավորներ՝ Ա. Խաչատրյանի նախագահությամբ, Ս. Համբարձումյանի եւ Մ. Պետրոսյանի մասնակցությամբ, բեկանել է առաջին ատյանի դատավճիռը մասնակիորեն եւ գործն ուղարկել նոր կազմով նոր քննության:
Դավիթ Սիմոնյանի խնամքին մանկուց ի ծնե հաշմանդամ 28-ամյա եղբայրն է, հայրն ու մայրն առանձին են ապրում, լքել են ըստ էության զավակներին: Դավիթը թողել է համալսարանական կրթությունը, որեւէ տեղ չի աշխատում, բնակվում են վարձով: Նրա պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Անժելա Հոբոսյանը:
Կարդացեք նաև
Նախաքննության մարմնի կողմից Դ. Սիմոնյանին առաջադրվել էր մեղադրանք գործող քրեական օրենսգրքի՝ «խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ» կատարված հանցագործության համար:
Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, համաձայն որի՝ անցյալ տարվա ապրիլի 23-ին, ժամը 12-ի սահմաններում, ներկայանալով Վահան Մարտիրոսյանին «Սամսունգ» տեսակի համակարգիչ վաճառելու նպատակով, Ագաթանգեղոսի փողոցի 7-րդ շենքի մոտ նրանից վերցրել է 60 000 դրամ գումար, ապա համակարգիչը մորաքրոջից վերցնելու պատրվակով մտել է շենք, հեռացել՝ Վ. Մարտիրոսյանին պատճառելով «զգալի չափի նյութական վնաս»:
Պարզվում է, որ նախաքննության մարմնին Վ. Մարտիրոսյանը հասցրել է ցուցմունք տալ, որով հայտնել էր, թե «Լիստ.ամ»-ում զետեղել էր հայտարարություն, թե պատրաստ է գնել դյուրակիր համակարգիչ: Գրել էր նաեւ իր հեռախոսահամարը:
Իրեն զանգել էր Դավիթը: Հանդիպման մանրամասների մեջ գործով տուժող ճանաչվածը գրել էր, թե բարձրացել են նշյալ շենքի վերեւի հարկը, նա սպասել է, որպեսզի գումարը բերի, սակայն հետագայում զուր սպասելուց հետո զանգել է Դավիթին, նրա հեռախոսը հայտնաբերելով անհասանելի՝ նկատել է, որ Դավիթը տանիքով հեռացել էր:
Ի դեպ, վերաքննիչ դատարան բողոք բերած դատախազը՝ Մ. Նալբանդյանը, արդարացված չի համարել պաշտպանական կողմի այն պնդումը, թե իր դեմ ցուցմունք տված Վ. Մարտիրոսյանին անձամբ հարցաքննելու հնարավորությունից զրկված է եղել: Այս միտքը դրվել էր դատավճռի հիմքում, ինչը դատախազը, չգիտես ինչու, «անթույլատրելի» է համարել, եւ սա այն դեպքում, երբ ընդամենն օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հենց այս պատճառաբանության հիմնավորմամբ սպանության մեջ մեղադրվող Սարգսյանի գործով, որը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, Հայաստանի Հանրապետության դեմ որոշում ընդունեց:
Ուշագրավ է քրեական գործի նյութերի այս հատվածը նույնպես. «Դատաքննության ընթացքում Դ. Սիմոնյանը հայտնել է, թե իբր Վահան Մարտիրոսյանի հետ ծանոթացել է պատահական, ու վերջինս խնդրել է իրեն, որ քաղաքական գործիչ հանդիսացող հոր վերաբերյալ փաստաթղթեր փոխանցի: Ինքը համաձայնվել է, դրա համար է զանգել: Իսկ հայրը արգելել է փաստաթղթեր տալ, եւ նա Վ. Մարտիրոսյանին փաստաթղթեր չի տվել, գումար չի ստացել»:
Դատախազը պահանջել է 6 ամիս ժամկետով ազատազրկում եւ տուգանք աշխատավարձի 400-ապատիկի չափով:
Նկատենք, որ վերաքննիչ դատարանն էլ իր իրավական գնահատականները տալիս հղում է կատարել ՄԻԵԴ-ի «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործին», երբ շեշտվել էր՝ «եթե մեղադրյալին դատավարության որեւէ փուլում հնարավորություն չի տրվում հարցեր ուղղել իր դեմ ցուցմունք տված վկային, ապա նա զրկվում է արդար դատաքննության իրավունքից»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
12.11.2016