Այսօր լրացավ Հադրութի շրջանում թշնամու կրակոցից զոհված Շիրակի մարզի Արևիկ գյուղի բնակիչ Վահե Վանոյանի մահվան մեկ տարին։ 1995 թվականին ծնված Վահեն ծնողների միակ տղան էր, ունի մեկ քույր, որն ամուսնացած է Արևիկ գյուղում։ Ի հիշատակ իրենց հերոս որդու՝ ծնողները մատուռ են կառուցել տան մոտ, որն այսօր օծեց Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ հայր Գառնիկ վարդապետ Հովսեփյանը՝ առընթերակայությամբ Արևիկ համայնքի ժողովրդապետ Տեր Նարեկ քահանա Թադևոսյանի։ Արևիկ գյուղը Շիրակի մարզի կաթողիկե համայնքներից մեկն է։ Գյուղի բնակիչները՝ երեխաներից մինչև տարեց մարդիկ, մի մարդու հավաքվել էին մատուռի շուրջ, նրանք լուռ սգում էին հերոսի մահը, որին ընդամենը 34 օր էր մնացել ծառայությունն ավարտելու համար։
Վահեի մարտական ընկերը՝ դասակի հրամանատարի տեղակալ Գառնիկ Մուրադյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Վահեն յուրահատուկ դիրքապահ էր, անընդմեջ պարգևատրվում էր իր սխրագործությունների համար։ Իր մահից ժամեր առաջ՝ դիրքեր բարձրանալուց առաջ նրան գնդի հրամանատարը խրախուսել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Գառնիկ Մուրադյանն արտասվում էր նրա մասին խոսելիս, ասում էր՝ ես չեմ կարող նրա մասին անցյալով խոսել, նա հավերժ է, հնարավոր չէ համակերպվել այն մտքի հետ, որ նա չկա։ «Վահեի ամեն շարժումն աչքիս առաջ է, շնորհակալ եմ նրա ծնողներին, որ այդպիսի հայրենասեր զավակ են դաստիարակել։ Վահե հերթափոխի ավարտին 15 րոպե էր մնացել ու դեպքը տեղի ունեցավ․ հակառակորդը դիպուկահար էր առաջնագիծ բերել։ Նա մահացավ դիպուկահարի կրակոցից»,-ցավով պատմում է Գառնիկը։
Երբ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները օծում էին մատուռը, Ջաջուռից եկած մի տղամարդ երկինք բաց թողեց աղավնի, գոչալով՝ «Հավերժ փառք մեր հերոսներին»։ Այնուհետ նրա ձեռքում հայտնվեց «Հոգիներդ լույս դառնա, հերոսնե՛ր» վերտառությամբ ցուցապաստառը։
Հայր Գառնիկ վարդապետ Հովսեփյանն էլ ասաց․«Բոլորս հավաքված ենք միասիրտ, միատեղ և հավատքով ներկա գտնվելու այս Սրբազան մատուռի օրհնության արարողությանը։ Ինչպես որ Սուրբ գիրքն է ասում՝ երանի եկեղեցու մատուռի շինարարներին»։ Նա Վահեի ծնողներին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի անունից փոխանցեց Հռոմի պապի ուղարկած Սուրբ Վարդարանը։ Սուրբ Վարդարանը Աստավածամոր ամենասիրված աղոթքն է։ Վարդարանը լատիներեն rosarium բառից է, որը բառացի թարգմանվում է վարդաշղթա, այն ավանդական կաթոլիկ համրիչ է, որն օգտագործվում է Ասվատծամորը նվիրված «Վարդարանի աղօթքը» կատարելու համար։
Հոգևորականն ասաց, որ Վարդարանը Վահեի ու հայ զինվորների փրկության համար է։
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ, դիմելով Վահեի հորն, ասաց․ «Վարդգես ջան, ինչ նվիրումով, որ դու կառուցել ես Տիրոջ տունը, վստահ եմ, որ Տիրոջ արքայությունում Վահեն ու մեր հայորդները կունենան իրենց ուրույն տեղը։ Վստահ եմ, որ նրանք տիրոջ կողքին են, դրախտում, տա Աստված, որ ոչ մի ծնող չունենա այն ապրումները, ինչ դուք ունենք, բայց դուք պարտավոր եք ապրելու, որ ձեր ապրելով ստիպեք մեզ բոլորիս րոպե րոպե հիշել մեր երիտասարդներին։ Հավերժ հանգիստ իրենց, համբերություն ձեզ»։
Այնուհետ ողջ գյուղով գնացին գերեզմանոց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ