«Այստեղ եկեք ծուռ նստենք՝ դուզ խոսենք. կառավարությունը գալիս է աշնանը, ծրագիրը ներկայացվում է հոկտեմբերին, բնական է՝ այս պահի դրությամբ դժվար էր ակնկալել, որ ինչ-որ շեշտակի հաջորդ տարվա բյուջեն պետք է դեպի դրականը փոխվի»,- նոյեմբերի 12-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նա նշեց, որ որպեսզի բյուջեն փոխվի դեպի դրական կողմը, մի շարք նախապատրաստական միջոցառումներ պետք է արվեն. «Ժամանակը չկա։ Բայց ընդհանուր առմամբ մտահոգիչ է, որովհետեւ դեֆիցիտը կա: Սա նշանակում է, որ պետք է լինեն զգալի կրճատումներ ֆինանասական հոսքերի վճարման իմաստով, դա նշանակում է, որ զարգացումը խանգարված վիճակում է, եւ վատ է, որ հավաքագրման իմաստով դրական միտումներ չկան՝ բյուջեի մուտքային իմաստով։ Իսկ ի՞նչ է նշանակում բյուջեի մուտքային իմաստով ունենք լուրջ խնդիրներ, սա նշանակում է՝ բյուջեի ծախսային հարցում ունենք մեծ խնդիրներ, որոնց զգալի մասը երկրի զարգացումն է, այսինքն՝ դրա հետ կապված մենք դեռ պետք է մեծ սպասելիքներ չունենանք»։
Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչպես դա պետք է արվի՝ Հարություն Մեսրոբյանն ասաց, որ մեծ պահուստ ունենք, որը չենք օգտագործում. «Դա ստվերային շրջանառությունն է։ Տարբեր գնահատականներով Հայաստանի ստվերը ՀՆԱ-ի մինչեւ 80 տոկոս է կազմում, դա մի քանի անգամ կարելի է բյուջեն ավելացնել։ Բնական է, որ ստվերի զգալի մասը այսպես կոչված օլիգարխիայի փայն է, որը չի վճարվում: Դրա համար մենք պետք է հաշվի առնենք, որ այստեղ միայն եւ միայն պետք է լինի քաղաքական կոշտ անգամ բիրտ կամք։ Նման հրաշքներ եղել են, տարբերակները շատ են: Եվ եթե մենք էլ այդ ոլորտում կոշտ մեկ մեկ էլ անգամ բիրտ մոտեցում չցուցաբերենք, մենք որակական իմաստով մեր բյուջեի խնդիրը չենք լուծի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ