Նոյեմբերի 12-ին Երևանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակը մեկնարկել էր վաղ առավոտից: Աշխատանքային եռուզեռ էր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար նախապես տեղերում բաժանվել են համապատասխան գործիքներ՝ բահեր, փոցխեր, ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ և այլ պարագաներ:
«Արևի քաղաք Երևանն» ավելի մաքուր տեսնելու նախաձեռնությունը համակել էր շատերին: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում իրականացվող շաբաթօրյակին միացել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, առողջապահական և այլ կազմակերպությունների աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ բնակիչներ: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվել և կոկիկ տեսք են ստացել:
Երևանցիները միահամուռ կերպով նշել են, որ մեծ ոգևորությամբ ու սեփական քաղաքը բարեկարգելու պատասխանատվության զգացումով են մասնակցում շաբաթօրյակին`մաքրության գործում սեփական ներդրումն ունենալու գիտակցումով:
Նոյեմբերի 12-ի համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 25 000 քաղաքացի: Աշխատանքներին ներգրավվել է 155 միավոր մեքենասարքավորում: Աղբավայրեր են տեղափոխվել ավելի քան 600 տոննա թափոն:
Կարդացեք նաև
Մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում վարչական բոլոր շրջանների տասնյակ տարածքներ ոչ միայն մաքրվել, այլև համալրվել են նոր ծառերով:
Ծառատունկի համար առանձնացվել են բացառապես ոռոգելի տարածքները, այդ թվում այգիներ և պուրակներ, անտառային գոտիներ, բակային տարածքներ: Ծառատեսակներն ընտրվել են հաշվի առնելով բնակլիմայական պայմաններն ու դրանց կպչողականությունը:
Մայրաքաղաք Երևանն ավելի կանաչ տեսնելու և այդ նպատակով համաքաղաքային ծառատունկին մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին վարչական բոլոր շրջաններում միացել են հազարավոր համաքաղաքացիներ:
Ծառատունկին ակտիվորեն մասնակցել են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամները, այնպես էլ պետական տարբեր կառույցներ, մայրաքաղաքի կրթամշակութային օջախներ ու առողջապահական հաստատություններ, ինչպես նաև մասնավոր ընկերություններ ու հասարակական կազմակերպություններ, նաև տասնյակ կամավորներ:
Մասնակիցները նշել են, որ կազմակերպված ծառատունկը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի համար և հնարավորության սահմաններում հետևողական կլինեն տնկված ծառերի խնամքին:
Նշենք, որ ընդհանուր առմամբ աշնանային ծառատունկի ժամանակ վարչական շրջաններում տնկվել է շուրջ 20 հազար ծառ և թուփ:
Երևանի քաղաքապետարան