Եթե առաջնորդվենք զուտ վիճակագրությամբ, ապա Արցախադրբեջանական պատերազմների ընթացքն այնքան էլ չի խոսում դրա վերսկսման օգտին, քանզի հակամարտող կողմերի միջև ընթացել է 1990-1994թթ. քառամյա և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմները, որը վկայում է այն մասին, որ իրավիճակի նման շարունակությունն այնքան էլ անբարենպաստ չէ Արցախի և Հայաստանի համար:
Սակայն, իրականությունը լրիվ այլ է: Ադրբեջանը մինչև 2016թ. ապրիլը բազմաթիվ երկրների հետ տանում էր դիվանագիտական լայնածավալ աշխատանք, դրանց տրամադրվածությունն ի օգուտ իրեն ուղղորդելու և արդյունքում հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ քայլ առ քայլ, ի օգուտ իրեն լուծելու համար: Միաժամանակ, այդ ողջ ընթացքում Ադրբեջանն իրականացնում էր նաև գաղտնի, հետախուզական-դիվերսիոն մեծ օպերացիաներ, պարզելու համար Հայաստանի և Արցախի ժողովուրդների, այդ երկրների բանակների հնարավորությունների ու տրամադրությունների իրական նկարագիրը և իր թշնամու հետ կապված ցանկացած իրողություն, իրավիճակ, որոնք դեր են խաղալու հետագա ռազմական գործողություններում:
Չմոռանանք նաև, որ այդ ողջ ընթացքում Ադրբեջանի կողքին է եղել և մշտապես ամեն ինչով նրան սատարել է մեծ եղբայրը՝ Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանն իր նավթադոլարներով մշտապես փորձել է գնել բոլոր երկրներին. առաջնորդվելով հայտնի սկզբունքով՝ նպատակն արդարացնում է միջոցները: Պայմանականորեն ասված, այդ ժամանակահատվածն Ադրբեջանի համար ավելի շատ կարելի է անվանել հետազոտական ու հետախուզական ժամանակահատված, որի ընթացքում նա վերջնականապես համոզվել է հետևյալում. ինչպիսի դիվանագիտական ճնշում էլ լինի աշխարհի, Թուրքիայի և իր կողմից Հայաստանի վրա, միևնույն է ոչ խաղաղ ճանապարհով, ոչ էլ պատերազմով չի կարող վախեցնել ոչ Հայաստանին, ոչ էլ Արցախին և այդ միջոցով ոչինչ ստանալ չի կարող, որի արդյունքում էլ հանգել է այսպիսի եզրակացության. եթե ուզում է Արցախը ամբողջապես կամ գոնե մասնակիորեն ետ վերցնել, ապա դրա ճանապարհը միակն է. անսպասելի և մաքսիմալ լայնածավալ, բազմավեկտոր ու նմանը չունեցող նենգ պատերազմ, որով նաև աշխարհին ցույց տա՝ իրեն արդարացնող, իր կողմից ամենուրեք և մշտապես բարձրաձայնած հետևյալ միտքը.
«Ես ձեզ ասում էի, չէ՞, օգնեք ինձ՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար, այսինքն` այնպես արեք, որ Ադրբեջանից հանիրավի բռնազավթված Ղարաբաղը կամովին ետ հանձնվի, այլապես մենք կբնաջնջենք այնտեղ ապրող բոլոր հայերին և մոխրի վերածված տարածքը լիովին ետ կվերցնենք, էլ չեմ ասում՝ ընդհուպ Երևանը վերցնելու մասին: Դուք դա լուրջ չընդունեցիք, դե հիմա կտեսնեք»: Այսքանը որպես նախաբան, իսկ այժմ փորձենք ներկայացնել ներկա իրավիճակն ու սպասվելիք իրադարձությունները:
Կարդացեք նաև
Ինչպես արդեն նշվեց, Ադրբեջանն արդեն համոզվել է, որ «սիրախաղերի» ժամանակն անցել է և պետք է դիմել կոնկրետ գործողությունների: Փորձենք վերլուծել և հասկանալ, թե որոնք են դրանք: Ելնելով Ադրբեջանի այսքան տարիների մարտավարությունից և այն հանգամանքից, որ հատկապես նախագահ Ալիևի շուրթերով մշտապես իր ժողովրդին հավաստիացվել է, որ վաղ, թե ուշ Ղարաբաղն իրենցն է լինելու, նրան այլ բան չի մնում անելու, քան փորձել ամեն գնով ջլատել ու ետ վերցնել Ղարաբաղն ամբողջությամբ կամ գոնե մասնակի: Վերը ասվածից ևս պարզ է դառնում, որ այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանն այս անգամ ներ է դնելու շատ ավելին, քան երբևէ, որպեսզի պատերազմական՝ թեկուզ արտասովոր գործողությունների միջոցով, անպայման հասնի իր նպատակին, քանզի քաջ գիտակցում է, որ անցնող ամեն օրն ի վնաս իրեն է աշխատում և գնալով, նույնիսկ աշխարհն է սկսում աստիճանաբար՝ դանդաղ քայլերով ճանաչել Արցախի պետության՝ դե ֆակտո գոյության փաստը, որը չափազանց անցանկալի է Ադրբեջանի համար:
Դժվար է ասել, թե ինչ է մտածում Ալիևը և ինչու է հետաձգում իր կողմից սանձազերծվող պատերազմը, սակայն մի բան ակնհայտ է, որ ինչքան էլ ուշացնի, միևնույն է, վաղ, թե ուշ սկսելու է, քանզի ամենուրեք և մշտապես իր կողմից արված հայտարարությունների ձեռքը կրակն է ընկել և ետ դարձի կամուրջները լրիվ այրել: Ավելին, Ալիևը պարզորոշ գիտակցում է, որ եթե այս պատերազմում էլ հաղթանակ չտարավ, ապա այդ հարցն իր համար վերջնականապես մտնում է փակուղի և մոտակա տասնյակ տարիների ընթացքում հազիվ թե ի վիճակի լինի պատերազմական գործողություններով տարածքներ ետ վերցնել, քանզի նրա՝ արդեն հոգեբանորեն պարտված վիճակը ոչ մի կերպ չի կարող վերաճել՝ ռազմական գործողություններում հաղթողի վիճակի:
Նման հոգեբանական պարտված վիճակը ջարդելու է և Ադրբեջանի ժողովրդի, և ադրբեջանական բանակի ոգին, խաթարելու է բանակի և ժողովրդի միասնությունն ու վճռականությունը, դասալքություն և խուճապ է առաջացնելու ամենուրեք, որն ադրբեջանական կողմի հաղթանակի հասնելու շանսերը մոտեցնելու է նվազագույն շեմին: Այս ամենի գիտակցումն Ալիևին մղելու է ամենալայնածավալ, կատաղի, վերջին շանսի պատերազմի, որի ընթացքում բաղձալի նպատակին հասնելու համար, նրան ետ չեն պահելու ոչ մարդկային, ոչ նյութական, ոչ բարոյական կորուստները և նա փորձելու է՝ թեկուզ ողջ Ադրբեջանից՝ միայնակ կենդանի մնալու գնով անգամ, անպայմանորեն հաղթել այս պատերազմում: Նրա ճակատին պարզորոշ գրված է և նրա աչքերում նույնչափ պարզորոշ ուրվագծված է, որ նա ոչնչի առջև կանգ չառնելով, փորձելու է այս պատերազմը դարձնել վերջինը, մեծ հույս պահելով, որ այն Ադրբեջանի համար կլինի նաև հաղթական:
Կարող է զարմանալի թվալ, բայց նա պատրաստ է՝ թեկուզ ողջ Ադրբեջանը տակնուվրա անելու գնով, հաղթանակ տանել այդ պատերազմում: Այդ հաղթանակը նրա գերնպատակն է և դրան հասնելու համար, ոչնչի առջև չի կանգնի: Նման պատկերավոր երանգների օգտագործումը՝ Ալիևի հնարավոր մոտեցումների վերաբերյալ, զուտ մի նպատակ է հետապնդում, որպեսզի պարզորոշ հասկանանք, թե նա ինչի է ձգտում և ինչ գին է պատրաստ վճարել այս պատերազմում հաղթելու համար, և որպեսզի հայ ժողովուրդը համարժեք պատրաստվի մոտակա սպասվող պատերազմին…
Աղոթում եմ Տիրոջը, որպեսզի իմ մոտեցումների մեջ ի հնարավորին շատ սխալված լինեմ, քանզի այդ հարցում որքան շատ սխալվեմ, այդքան մեզ համար լավ …
Միևնույն է, մենք հաղթելու ենք…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ