«Հայաստանը վերջին 10-15 տարիների ընթացքում պարբերաբար պետության մակարդակով ունենում է արժույթային սով»,- նոյեմբերի 12-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նա նշեց, որ պետության արժույթի պաշարները համալրվում են ֆիզիկական տրանսֆերտների, վարկերի, ներդրումների եւ արտահանման միջոցով, իսկ արժույթի պաշարների նվազմանը նպաստում է ներկրումը, պետական պարտքի սպասարկումը. «Պետական պարտքը մեզ մոտ վերջին տարիներին շեշտակի ավելացավ եւ անցավ ՀՆԱ-ի 50 տոկոսը, դա նշանակում է, որ պետական պարտքի սպասարկման համար ավելի շատ արտարժույթ է պարտադիր, սա նշանակում է, որ այս իմաստով մենք ունենք ավելացող արտահոսք:
Մեզ մոտ ներկրումը երեք անգամ մեծ է, քան արտահանումը, այստեղ էլ մենք առեւտրական սալդոյի պատճառով մենք ունենք արտահոսք, տրանսֆերտները շեշտակի ընկել են, ներդրումները գրեթե զրոյացել են, մնում է որոշ չափով Միջազգային արժույթային հիմնադրամի եւ համաշխարհային բանկի վարկերը: Բայց չէ՞ որ մենք պետք է պարբերաբար սպասարկենք պետական պարտքը թե՛ մայր գումարի մասով, թե՛ տոկոսների մասով, եւ վտանգ կա, որ կարող է լինի տեխնիկական անելանելի վիճակ՝ դեֆոլտ: Այսինքն՝ երբ Հայաստանին չի հերիքի արտարժույթ»:
Հարություն Մեսրոբյանի խոսքերով՝ արժույթային սովի վտանգը Դամոկլեսյան սրի նման կախված է մեր տնտեսության վրա. «Դեռ միտում չկա, որ արտահանումը կավելանա, տրանսֆերտները կավելանան, ընդհակառակը՝ նույն տրանսֆերտների մասով նվազում են: Մաթեմատիկորեն կարող է արտարժույթը չհերիքի: Մեր Կենտրոնական բանկը ազգային դրամի թողարկողն է, բայց մեր պարտքը դոլարով է: Որպեսզի դոլար ունենանք, ներհոսք պետք է լինի, ներհոսք չկա, ինչքան ուզում ես դրամ տպի, խնդիրը չի լուծվի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ