«Միասնություն» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը կարծում է, որ ՀՀ իշխանություններին տարիներ շարունակ հաջողվել է համոզել ժողովրդին, որ ինքն իշխանություն չունի: Մինչդեռ իրականությունն այլ է ու բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանությունը հենց ժողովրդինն է:
Այսօր շարժման համաժողովի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում Արման Վարդանյանն ասաց, որ իրենք գալիս են հենց «ժողովրդին արթնացնելու», շարժման շարքերում ներառելու ժողովրդի ակտիվ հատվածին եւ ժողովրդի միասնությունը վերականգնելու. «Ո՞վ ասաց, որ այն մարդիկ, ովքեր ստացել են շատ ձայներ, նրանք են իշխանությունը: Դա այն մարդիկ են, ում ժողովուրդն է վստահել իր իշխանության որեւէ մասնաբաժինը»: Արման Վարդանյանը վստահ է իրենց հաղթանակում:
Խոսելով 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, Արման Վարդանյանն ասաց, որ իրենք հստակ պատկերացնում են իրենց հաղթանակի ճանապարհը. «Սա ժողովրդի շարժումն է, եւ մենք վստահ ենք՝ ժողովուրդը մեզ շատ բարձր քվե է տալու»: Նա շեշտեց` «Միասնություն» շարժումը վերկուսակցական է, իրենք էլ չեն փորձելու մարդկանց անդամագրման մոլուցքով տարվել:
Լրագրողներից մեկի հարցին` մուրաբա կամ չուլկի բաժանելո՞ւ են, ինչպես ժամանակին ՕԵԿ-ն էր անում, Արման Վարդանյանը պատասխանեց. «Իրականում մենք չենք հավակնում որեւիցե տեղ գրավել, որն արդեն իսկ գրավված է»:
Կարդացեք նաև
Մեկ այլ դիտարկման` ընտրություններից առաջ նոր ուժեր արդեն իսկ ստեղծվել են, ոմանք ՏԻՄ ընտրություններում նաեւ որոշակի հաջողություններ են ունեցել, սակայն վերջում պարտվել ու հարցին՝ ո՞րն է ձեր հաղթանակի երաշխիքը, Արման Վարդանյանը պատասխանեց. «Մեր թիմը կազմված է այն մարդկանցից, որոնք ամեն մեկը լիդեր է: Մենք փոքրիկ երկրում ենք ապրում, բոլորը բոլորին ճանաչում են, իսկ ձեր կողմից նշված թիմերը մեծամասամբ մարդիկ էին, որոնք մեծ հաշվով իրենց կյանքում արձանագրած հաջողություններ չունեին:
Մեր բանախոսների ելույթներից անգամ կարելի է հասկանալ, որ մարդիկ հաղթող տեսակ էին, որ մարդիկ էին, որոնք ամեն տեղ, ամեն օր ապացուցել են՝ իրենք սկզբունքային են եւ կարող են երկրում բան փոխել, պարտվող տեսակ չեն: Ձեր նշած մարդկանցից շատերն ի սկզբանե եղել էին պարտվող տեսակներ»:
Մեկ այլ հարցի`ինչպե՞ս պետք է հասարակությունը հասկանա, որ «Միասնությունը» ընդդիմության տակ քողարկված իշխանամետ ուժ չէ, Արման Վարդանյանը պատասխանեց. «Մենք իշխանություն ենք, ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք իշխանություն ենք, իրենք էլ են իշխանություն եւ եկել ենք մեր իշխանությունը վերականգնենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ