ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, «մարտի 1»-ի քրեական գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանն «անբարոյականություն» է համարում 1000-ական դրամներ հավաքելը`ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների եւ նրանց ընտանիքների հատուցման հիմնադրամ ստեղծելու համար:
Կարծում է, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունն իր ժողովրդին չի սիրում: Նա մտավախություն ունի, որ այս նախաձեռնությունը «խորը գնացող» արմատներ ունի ու այս հայտարարությամբ, պարզապես հասարակական տրամադրություններն է իշխանությունը շոշափում: Խնդիրը նա կապում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հետ: Քանի դեռ հայտնի չէ, թե այդ գումարներն ինչպես են փոխհատուցվելու, Մուշեղ Սաղաթելյանը մտավախություն ունի, որ դրանք էլ կդրվեն «ժողովրդի վզին», ինչպես գազի եւ էլեկտրաէներգիայի նախկին կուտակված պարտքերի պարագայում եղավ: Մուշեղ Սաղաթելյանը հարցնում է`ինչի՞ կամ ո՞ւմ համար է հավաքվում այդ գումարը` հիշեցնելով, «Մարտիկ» հիմնադրամի ոդիսականը:
«Անահիտ Բախշյանը վառվեց դիմելով`ո՞ւր են հիմնադրամի փողերը: Արթուր Աղաբեկյան, Սեյրան Օհանյան, ինչո՞ւ եք փակել, ո՞ւր այդ գումարները, չենք կարողանում մտնել`նայել: Ես վախենում եմ, որ սա էլ կգողանան: Նրա համար էլ է նույն կերպ հավաքվել, բայց այդ մի քանի միլիոն դոլարը չկա»,- ասաց նա:
Aravot.am-ի հարցին`չի՞ կարծում, որ անվտանգության խնդիրներին պետք է բոլորս մասնակից լինենք, Մուշեղ Սաղաթելյանը պատասխանեց. «Պիտի այնպիսի իրավիճակ լինի, որ մարդիկ դրա մասին ընդհանրապես չխոսեն: Արդեն գործով ցույց տան, որ ազգի անվտանգության համար արել են»:
Կարդացեք նաև
Մուշեղ Սաղաթելյանն այսօր ներկա էր «Միասնություն» շարժման համաժողովին: Մի քանի լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին, Մուշեղ Սաղաթելյանն ասաց. «Ես այստեղ եմ նրա համար, որ հավատում, հարգում եւ ընդունում եմ ինքնիշխան Հայաստան գաղափարախոսության մարտիկներին: Իմ պատկերացմամբ՝ իրենք այդ են»:
Խոսակցություններ կան, որ այս շարժմանը միանալու են Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը: Մուշեղ Սաղաթելյանն իրեն այդ հարթակում տեսնո՞ւմ է, մեր հարցին էլ նա պատասխանեց. «Ես այլ աշխարհի մարդ եմ, իրենք`այլ, ես կարող եմ իմ կյանքի փորձից խորհուրդներ տալ, եթե հաշվի տեղ կդնեն»:
Առհասարակ Մուշեղ Սաղաթելյանը դեմ չէ, որ Գագիկ Ծառուկյանը եւ Խաչատուր Սուքիասյանը միանան այս շարժմանը. «Տա Աստված, որ միանան: Իրանց փողերից բերեն, ծախսեն`էս ջահելները բենզինի փող, շարժվելու փող կունենան»:
Նա հիշեց, թե 1990-ականներին ինչպես սկսվեց շարժումը, ինչպես այդ ժամանակվա փողատերերը, որոնց ոչ ոք չէր ճանաչում, եկան ու միացան նրա համար, որ ազգը բռունցքված կանգնել էր եւ պայքարում էր հայրենիքի համար: «ՀՀՇ-ի բախտը բերեց, եկավ կանգնեց այդ ուժի կողքը, ՀՀՇ-ն դարձավ իշխանություն: Ուժը ում կողքը կանգնի, նա կդառնա իշխանություն»,- ասաց Մուշեղ Սաղաթելյանը`վստահ, որ «Միասնությունը» ձեւավորում է այն իրականությունը, որ ընտրությունների ժամանակ իշխանությունը չի կարողանալու խախտել: Ուստի, սխալ է համարում քննադատել, ասել, թե եթե Գագիկ Ծառուկյանը կամ մյուսները հետագայում եղան «Միասնության» հետ, ուրեմն սա շարժում չէ:
Ավելին, նա կարծում է, որ լուրջ կապիտալի տիրապետող մարդիկ պետք է շահագրգիռ լինեն այս շարժման կողքին լինելու, քանզի վաղ թե ուշ սերնդափոխության հարց է առաջ գալու, իսկ այս երիտասարդները, ինքը համոզված է, գալիս են երկիրը շտկելու: «Պետք է օգնենք նրանց: Չի կարելի, որ անբարոյական պաշտոնյայի հոռացած լակոտը փողոցում թափառի, իսկ հող մշակող հայի երեխան դիրքում մահանա: Սա պետք է թույլ չտանք: Օրենքը պետք է հավասար լինի»,- ասաց Մուշեղ Սաղաթելյանը` հավելելով, որ դրա համար պետք է լրագրողին ու դատավորին անկախություն տրվի ու ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի որ լրագրողը «փողոցի հայելին» է, դատավորն էլ բոլորին հավասար դատողը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ