«Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը, բնականաբար, լայն քննարկումների թեմա է դարձել նաև Ադրբեջանում, ինչն առաջին հերթին պայմանավորված է համաշխարհային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի դերով, ինչպես նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային հետաքրքրություններով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:
Նրա բնորոշմամբ՝ ԱՄՆ նախագհի ընտրության հարցը կարևոր է նաև այդ երկրի՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դերակատարության տեսանկյունից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր. «Եթե փորձենք առանձնացնել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ոլորտները, ապա գերակա են տնտեսական-էներգետիկ, որոշ չափով՝ անվտանգության ոլորտները: Առանձին տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Անշուշտ, կարող ենք նշել, որ Ադրբեջանի իշխանական և հանրային շրջանակների համար Բարակ Օբամայի նախագահության տարիներին ԱՄՆ-ի վարած տարածաշրջանային քաղաքականությունը գոհացուցիչ չէր։ Դա կապված է ինչպես Ադրբեջանի իշխող ավտորիտար վարչակարգին քննադատող ամերիկյան պաշտոնյաների հայտարարությունների, այնպես էլ, կարծում եմ, Ղարաբաղյան հակամարտության՝ չկարգավորված լինելու հանգամանքի հետ»:
Ըստ մեր զրուցակցի՝ ադրբեջանական կողմի որոշ պաշտոնական հայտարարություններից արդեն կարելի է հասկանալ, որ Ադրբեջանը Դոնալդ Թրամփից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ակնկալում է ակտիվ դերակատարություն. «Սակայն պետք է նշել, որ ադրբեջանցի քաղաքագետների և վերլուծաբանների մոտ գերիշխում է այն կարծիքը, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չի կարող լուրջ փոփոխությունների ենթարկվել՝ անկախ նրանից՝ Թրա՞մփն է նախագահ, թե Քլինթոնը: Ուստի ավելի իրատեսական են սպասելիքները արցախյան հիմնահարցում որևէ փոփոխության տեսանկյունից»:
Աշոտ Մովսիսյանն անդրադարձավ նաեւ տեղեկություններին, որ Դոնալդ Թրամփը բիզնես-կապեր ունի Ադրբեջանում. «Նա բիզնես ունի Բաքվում, բայց հստակ է, որ գործարար Թրամփն այլ մարդ է, նախագահ Թրամփը՝ մեկ այլ: Եթե մինչեւ այժմ Թրամփի համար Ադրբեջանը բիզնես հնարավորությունների հարթակ էր, ապա այժմ այն ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի պետություններից մեկն է, որն ունի էներգետիկ ռեսուրսներ, ավտորիտար ռեժիմ և չկարգավորված հակամարտություն»:
Կարդացեք նաև
Աշոտ Մովսիսյանի համոզմամբ՝ միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանում Թրամփի բիզնես-կապերն Ադրբեջանին առավելություններ են տալիս և թե վերջինս դրանց հաշվին կարող է ազդել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վրա. «Այլ հարց է նաև թուրք-ամերիկյան հարաբերություններում փոփոխության ակնկալիքներն Ադրբեջանում։ Պարզ է, որ Բաքուն, Անկարայի հետ ունենալով սերտ ռազմավարական հարաբերություններ, շահագրգռված է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա բոլոր անհամաձայնությունները հարթվեն»։
Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ