Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայից ապրանք ներկրողները խնդիր ունեն եւ սպասում են վարչապետի արձագանքին (տեսանյութ)

Նոյեմբեր 12,2016 14:45

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և «Հայաստանի տոնավաճառներ» հ/կ նախագահ Գագիկ Դանիելյանը դժգոհեցին, որ ՀՀ վարչապետին նամակներ են ուղղել՝ խնդրելով հանդիպել իրենց, սակայն Կարեն Կարապետյանը չի արձագանքում: Խնդիրն այն է, որ նոյեմբերի մեկից Թուրքիայում գործող բեռնափոխադրող կազմակերպությունները՝ «Կարգոները», թանկացրել են բեռնափոխադրման վճարը՝ առանց պատճառաբանության:

Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մեկ կգ բեռի մաքսազերծման համար վճարը թանկացել է միանգամից 1-2 եվրոյով՝ կախված ապրանքից, ինչը Թուրքիայից ապրանք ներկրող հայաստանցիների համար խնդիր է դարձել:

«Փոքր ձեռներեցների այս խնդրի մասին չգիտես ինչու ոչինչ չեն ասում: Ուզում ենք հասկանալ՝ մեր պետությունն ի՞նչ դերակատարություն է ունենալու, երբ փոքր ձեռներեցը Թուրքիայում ապրանք է գնում եւ տարանցիկ երկրի միջոցով ներկրում Հայաստան: Թանկացումը կասկածելի է, ո՞վ է «կարգոներին» պարտադրել: Վարչապետին կոչ ենք անում հանդիպել փոքր ձեռներեցների հետ: Բոլորին հանդիպեց, բայց ցածր խավի առեւտրականների հետ չի ցանկանում հանդիպել: Գուցե վախենո՞ւմ է»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Գագիկ Դանիելյանն էլ նշեց, որ նախկինում մաքսազերծման վճարը թանկանում էր 10-20 դոլարով, բայց ոչ երբեք՝ միանգամից մեկ դոլարով. «Մեզ հետաքրքրում է՝ «կարգո՞ն» է թանկացրել, թե կառավարությունն է ինչ-որ ճնշումների ներքո թանկացրել»: Դանիելյանը հավելեց, որ տոնավաճառների վաճառականներն ապրանքատեսակների 50 տոկոսից ավելին ներկրում են Թուրքիայից:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել