Նոյեմբերի 11-ին Դիլիջանում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ: Դրա ժամանակ Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը հայցել է կառավարության աջակցությունը, որպեսզի վերանորոգվեն Բերդի սահմանագոտու ճանապարհները եւ գյուղացիներին օգնեն իրացնելու արտադրած ապրանքները: Վարչապետը փղի վաճառքի մասին անեկդոտ է պատմել, գյուղապետին ասել, որ չպետք է արտադրել այն ապրանքները, որոնց վաճառքով նրանք չեն կարող զբաղվել;
1999 թվականից Նավուր համայնքը ղեկավարող Ա. Նիգոյանին հարցրինք՝ վարչապետի անկեդոտն իրեն դո՞ւր եկավ: Նա սկզբում ասաց, որ այն ուշադիր չի լսել, հետո էլ՝ թե իրեն դուր չի եկել: Ա. Նիգոյանի խոսքերով՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ինքը կարեւոր հարցեր է առաջադրել, օրինակ, Բերդի տարածաշրջանում արտադրված միսը կարելի է գնել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար:
Ա. Նիգոյանը դժգոհ է ճանապարհների վիճակից. «Բերդ-Նավուր-Իջեւան եւ Բերդ-Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհներն անբարեկարգ են: Դրանք նորոգելու դեպքում դեպի Երեւան ավտոճանապարհը 50 կմ-ով կկրճատվի: Կառուցված Պառավաքար-Վազաշեն շրջանցիկ ավտոճանապարհից խաղաղ ժամանակ ոչ մեկը չի օգտվում, օգտվում են Պառավաքար-Վազաշեն հիմնական ճանապարհից: Իսկ ադրբեջանցիների կողմից կրակոցների դեպքում այդ 2 ճանապարհից էլ չեն օգտվում, երթեւեկում են Բերդ-Նավուր-Իջեւան եւ Բերդ-Նավուր-Ճամբարակ ճանապարհներով»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ