Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլը նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես է եկել կամերային համերգով։ Երեկոն կայացել է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում։ Ծրագրում հնչել են Յ.Ս. Բախի, Ա. Դվորժակի, Ս. Հովհաննիսյանի, Է. Բաղդասարյանի, Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները։ Համերգին մասնակցել է նաև թավջութակահար Անուշ Յավրումյանը:
«Օտրի տրիոյի» կազմում հանդես են գալիս ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը, ջութակահար Անժելա Հովհաննիսյանը, ալտահար Արևիկ Կոսյանը։ Այս կազմով տրիոն Հայաստանում բացառիկ է։ Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի այլընտրանքային տարբերակ՝ կազմված փողային և լարային գործիքներից։
Տրիոյի անդամները նշում են, որ Խաչատրյանի փառատոնին մասնակցելը մեծ փորձ է տալիս երաժշտին, քանի որ շփում են ունենում թե՜ ունկնդրի, թե՜ տարբեր երաժիշտների հետ, այդ թվում՝ մեծահամբավ։ Փորձի փոխանակումը նրանց հետ շատ կարևոր է երիտասարդ սերնդի երաժիշտների համար։
Տրիոյի անդամները նկատում են, որ խաչատրյանական փառատոնը մեծ դեր ունի երաժշտական կյանքում։ Այն տարածում է բարձր արժեքեքներ, ավելի շատ մարդկանց է հասանելի դարձնում դասական երաժշտութունը։ Երաժիշտներն ընդգծում են, որ փառատոնը մեծ տեղ է հատկացնում նաև հայկական երաժշտությանը։ Մասնավորապես, «Օտրի տրիոն» իր համերգներին եվրոպացի, ամերիկյան կոմպոզիտորների գործերին զուգահեռ միշտ ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ