«Ցանկացած աշխատող պետք է ողջ կյանքում մուծի բանակին: Զինվոր չես ուզում լինես՝ զինվորին կերակրի»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին օգնելու նպատակով յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր կերպով գանձելու ՊՆ-ի նախագծին, ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:
Նա դրական է գնահատում ՊՆ առաջարկը, բայց կողմնակից է ոչ թե 1000 դրամ գանձելուն, այլ ամսական ինչ-որ տոկոս գանձելուն. «Թող ոչ թե 1000 դրամ վճարեն, այլ ամսվա եկամտի մեկ կամ երկու տոկոսը: Տոկոսից ճիշտը չկա՝ հավասարացնող մի բան պետք է լինի՝ ըստ եկամտի չափի»: Ինչ վերաբերում է գումարը հավաքագրող հիմնադրամում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին, Վարդանովի խոսքով՝ պետք է այդ հիմնադրամի համար «դահիճ» լինի, որ գումար ուտողի ձեռքը կտրի:
Ազատամարտիկ Շահե Աճեմյանն էլ կարծիք հայտնեց, որ ալան-թալանի մասին խոսելու ժամանակը չէ, զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներն իսկապես օգնության կարիք ունեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև