Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Երևան -Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը (տեսանյութ)

Նոյեմբեր 12,2016 11:34

Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուի հետ:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության, պետությունների միջև փոխըմբռնման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն ընդգծեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը։

Հանդիպմանը քննարկում ծավալվեց հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական, գիտակրթական, առողջապահության, տուրիզմի և մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կապակցությամբ: Ընդգծվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:

Նախարարները քննարկեցին քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը, Երևան -Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները և դրանց արդյունքում բանակցային գործընթացում ձևավորված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների ճանապարհով կարգավորմանը:

Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի աջակցությունը Հնդկաստանի համար զգայուն հարցերում:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930