Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրել բանական լուծումներ

Նոյեմբեր 12,2016 10:09

Պատերազմական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին եւ հաշմանդամ դարձած զինվորներին պիտի՞ օգնենք: Այո, անպայման: Իսկ սիրիահայերի՞ն: Իսկ աղետի գոտում տնակներում ապրողների՞ն: Իսկ 50 հազարով ապրող թոշակառուների՞ն: Իսկ Հյուսիս-հարավ ճանապարհը չպիտի՞ կառուցենք: Իսկ Իրան-Հայաստան երկաթուղի՞ն: Իսկ կրթության որակը չպիտի՞ բարձրացնենք: Իսկ նոր, ժամանակակից զենք չպիտի՞ գնենք: Կարող եմ շարունակել թվարկումը` բերելով հազարումի շատ կարեւոր, ռազմավարական նպատակներ: Այդ ամենի համար փող է, չէ՞, պետք: Ինչպե՞ս է պետք հավաքել այդ փողերը: Ընդհանրապես կա երկու ճանապարհ` հարկերի միջոցով եւ քաղաքացիների նվիրատվություններով: Եթե եկամտային հարկը բարձրացվում է 1000 դրամով, այդպես էլ ասեք` քննարկելու հարց է: Չնայած անձամբ ես կողմ եմ ոչ թե եկամտահարկի, այլ գույքահարկի ավելի «մանրամասն» տարանջատմանը. իմ թեեւ համեստ, բայց սեփական տան եւ 7-րդ մասիվում մեկ սենյականոց բնակարանի գույքահարկերը պետք է շեշտակիորեն տարբեր լինեն:

Երկրորդ ճանապարհը քաղաքացիների ԿԱՄԱՎՈՐ մուծումներն են: Ես պատրաստ եմ վճարել իմ հազար դրամը ու նաեւ ազատել իմ եւս 9 համաքաղաքացիներին այդ բեռից: Բայց դա պետք է ճիշտ կազմակերպել եւ քարոզել: Նախ` ես պետք է վստահ լինեմ իմ 10 հազար դրամի «ճակատագրի» համար: Երկրորդ՝ պետք է գտնվեն հեղինակավոր, անբիծ մարդիկ, որոնց՝ բանակին օգնելու կոչը լսվի եւ ընկալվի մեր քաղաքացիների եւ ընդհանրապես բոլոր հայերի կողմից: Եվ վերջապես՝ մուծելու եղանակները պետք է լինեն պարզ, բյուրոկրատական քաշքշուկից ազատ: Մարդիկ, օրինակ, կարող են ալարել գնալ-հասնել բանկ: Կարելի է ձեւավորել նշված նպատակների համար հիմնադրամ, հայտարարել, թե ո՛ր վստահելի, չարատավորված անձինք են (թեկուզ եւ Հայաստանից դուրս ապրող) լինելու դրա հոգաբարձուները եւ պարբերաբար՝ առնվազն ամիսը մեկ, տեղեկացնել, թե որտեղ է գնացել ամեն մի լուման: Այդպիսի հիմնադրամներ կառավարելն ու փող ներգրավելը մի առանձին գիտություն է:

Մի խոսքով՝ ես կողմ եմ բանական լուծումներ փնտրելուն: «Թող իրենց լափածը վերադարձնեն ժողովրդին, եւ բոլոր այս խնդիրները կլուծվեն»՝ այդ տեսակի արտահայտությունները թողնենք Արշակ Սադոյանին՝ նա է «լափելու դեմ պայքարի» ամենախոշոր մասնագետը: Այդ արտահայտությունները ոչ թե սխալ են, այլ պարզապես օդի մեջ ասված բառեր են՝ ծափահարություններ հավաքելու նպատակով: Այս առումով ֆեյսբուքի 90 տոկոսը Արշակ Սադոյան է:
Իսկ սոցիալական, այդ թվում զինծառայողների խնդիրների լուծման ամենաարդյունավետ ձեւը զարգացած տնտեսություն ունենալն է: Այդ պարագայում մարդիկ ավելի բարձր աշխատավարձ կստանան եւ ավելի շատ հարկեր կմուծեն: Ամեն ինչ պարզ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Ruben says:

    Արտադրողը վճարում հարկեր:
    Հարկերից կուտակված դրամը վճարվում է բյուջետային («պետական») ծառաների (նախագահ, նախարար, զինվորական, ոստիկան եւ այլն) աշխատավարձեր եւ այլն:
    Բյուջետային («պետական») ծառաները իրենց հերթին հարկերից սնվող աշխատավարձերից նույնպես հարկ են վճարում:
    Չեմ զարմանա, եթե թոշակառուներին ստիպեն հարկ վճարել կենսաթոշակից:
    Նորածին պետականթյան միավոր՝ ֆինանսա-տնտեսական մաշվող կարուսել:
    Բնակչության մեծամասնությունը սպառողներ եւ թոշակառուների են:
    Արարիչները (ստեղծողները) ցանկանու՞մ են սեփական քրտինքով կերակրել (ապահովել) մեծամասնությանը, մարել Կառավարության եւ Կենտրոնական բանկի առաջնորդների (ո՞վ է ստորագրել) պարտքերը…
    Իրան-Հայաստան գազատար, Ազգային ավիափոխադրող Արմավիա, մի քանի անգամ գրավադրված Նաիրիտ, ոսկու արդյունահանում եւ առանց ոսկու «Ոսկու եւ արտարժույթի» պահուստ (золото-валютный резерв):
    Հյուսիս-հարավ ճանապարհ, Իրան-Հայաստան երկաթուղի… կառավարության ակտիվներ՝գրավ, Эмиссия денег и эмиссионная политика Центрального Банка РА:
    100 000 լումա: Հայ-հաաայ…

  2. araqel says:

    ճիշտ կլինի որ կառավարությունը մտցնի “քաղաքացիության” հարկ երկքաղաքացիների համար ու այդ գումարը ողղի բանակի սպայական անձնակազմի աշխատավարձին: Մեր պրոֆեսիոնալ սպան պետք է ստանա համաշխարհային մակարդակով շատ բարձր աշխատավարձ:

    Որ արտասահմանում ապրող հայր ուզում է պահպանել իր ՀՀ քաղաքացիությունը, պետք է մուծվի, ու մուծման գումարի չափը դա պետք է կախված լինի իր հիմնական ապրած երկրից: Ասենք Ռուասատանի հայը- ամսական 10 դոլար, իսկ ԱՄՆ-ի հայ 50 դոլար:

    • Ruben says:

      Մեկ պրոֆեսիոնալ հասարակ զինվորի վզին չորս «պրոֆեսիոնալ» սպա է նստած:
      Ճիշտ կլիներ հարկեր հավաքել առաքելականներից:

  3. իւրնէշլեան Արմէն says:

    «Նախ` ես պետք է վստահ լինեմ իմ 10 հազար դրամի «ճակատագրի» համար»: Ասիկա եթէ իրականանայ, ապա ամէն ինչ ալ կարելի է ընել։ Դժբախտաբար, մանաւանդ Քոչարեանի իշխանութենէն ի վեր, հայրենի պետութեան հանդէպ ամէն վստահութիւն կորսուած է։ Թող վերահաստատուի այն վստահութիւնը որ կար Հ.Հ.Հիմնադրամի առաջին տարիներուն եւ վստահ եմ որ շա՜տ տասը հազարներ կը հոսին դէպի Հայաստան։
    Ողջունելի է նաեւ երկքաղաքացիութեան հարկի առաջարկը որ կայ մեկնաբանութիւններէն մէկուն մէջ։

  4. Օնիկ says:

    Որոշումից հանեք հավասար գանձման սկզբունքը, հիմքում դրեք շատից-շատ, քչից ոչինչ կամ սիմվոլիկ մասնակցություն և ամեն ինչ կլինի արդար և ընդունելի:

  5. Օնիկ says:

    նախագծից հանեք հավասարեցման սկզբունքը, կիրառեք շատից-շատ, քչից ոչինչ կամ սիմվոլիկ և ամեն ինչ կընկնի իր տեղը և կլինի արդարացի:

  6. Լավատես says:

    Հայ քաղաքացիները եւ հայ քաղաքական ուժերը ի վիճակի չգտնվեցին սեփական ուժերով իրենց ուզած սեփական կառավարությունը ունենալու, իսկ այլ երկրի նախագահը իր ուզած պահին միանգամից խելքը գլխին հայեր գտավ ու ուղարկեց մեր երկիրը ղեկավարելու։ Եթե դա աներ հայ քաղաքական ուժը հայ սփյուռքի հետ միասին ձեռք ձեռքի տված, դա կլիներ մեզ համար լավագույն տարբերակը։ Ինչքան էլ այսօրվա կառավարությունը բարձր մասնագիտական ու հոգեւոր մակարդակ ցուցաբերի, նա իրեն նշանակող այլ երկրի նախագահի գծած շրջանակից դուրս գործել չի կարող, այսինքն՝ հայ քաղաքացիական ուժը ի վիճակի չի ավելի արդյունավետ ազդել այս կառավարության վրա առավել, քան այլ երկրի նախագահը։ Այսինքն՝ քանի դեռ մենք քաղաքական ուժ չենք, մեզ ինչպես կուզեն կվերաբերվեն, լավ թե վատ՝ կարեւոր չէ։ Խնդիրը մեր մեջ է՝ երկրի քաղաքացիների ու սփյուռքի միասնական քաղաքական հզոր ազգային ուժ ձեւավորելու մեջ է։ Թե դա ինչպես կազմակերպել, կարծում եմ խնդիր չի, լիքը խելոք հայեր ունենք եւ երկրի ներսում, եւ սփյուռքում, որոնք արագ լուծումներ կառաջարկեն։

    • Լավատես says:

      Էն մութ ու ցուրտ, անգործ անփող տարիներին հիշում են մանկահասակ երեխեքն էին իրենց անգործ ծնողներին պահում՝ մարդաշատ տեղերում կանգնում ու առաջարկում դրամափոխանակություն։ Հիմա էլ կարծում եմ, պետք է ազգովին լծվենք երեխաների դաստիարակությամբ, ուսուցմամբ ու նրանք իրենց բարձր առաջադիմության դիմաց այնքան վարձ պետք է ստանան, որը կհերիքի ընտանիքի կարիքները հոգալու համար։ Հետո երբ նրանք ընտանիք կազմեն, արդեն իրենք իրենց երեխաներին ճիշտ կդաստիարակեն ու ոտքի կկանգնեցնեն։

  7. Հ.Շ. says:

    Թեկուզ մի քանի – չնչին եւ անուղղակի – ակնարկութիւններ կան, սակայն խորապէս տպաւորիչ է թէ այս Խմբագրականում որքան անտեսված է, ցարդ քարրորդ դարէ ի վեր, Սփիւռքից, Հայաստանի ոչ-քաղաքացի հայերի դրամական տեւական ներդրումը՝ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի:

    Խօսելու համար միայն պաշտօնական եւ երեւելի տվեալների մասին, եթէ գումարենք մեծահարուստ անհատների հիմնարկների նվիրատվությունները, առաւել բիւրաւոր միությունների եւ Հայաստան Համահայկական Հիմնադրամի ներդրումները – որոնց նվիրատուների մասսայական մեծամասնությունը միջին կամ խոնարհ դասակարգի հայեր են -, չգիտեմ ոնց մեկնաբանել այս անտեսումը… Մի քանի միլիար տօլարի մասին է խօսքը… Ա՞յս աստիճան անարժէք է ուրեմն այդ ամէնը… Լաւ, ե՞տ տվէք, ակաս… Սփիւռքի էական կարիքները անպակաս են, այստեղ կը գործածենք Հայաստանի համար այդ երեւի աննշան գումարները…

  8. Da Ajdpes Chi says:

    <>: Պարոն Աբրահամյան ես հոդվածը կարդալուց հետո հասկացա, որ դուք միանգամից մերժում եք 1000 դրամ հավաքելու գաղափարը, քանի որ մեր պետական այրերը հաստատ Ձեզ վստահություն ձեռք բեևելու հնարավորություն չեն տա: Պատկերացնում եք Վիգեն Սարգսյանը ասում է որ ամեն ինչ թափանցիկ է լինելու, իսկ ինչ է մյուս բոլորը գործառույթները Վ. Ս.-ն պնդում է որ թափանցիկ չեն:
    ԵՎ վերջապես իմ կարծիքով ամենակարևորը: Իմ աշխատավարձը իմ մասնավոր սեփականությունն է, որը պաշտպանված է սահմանադրությամբ: Հիմա ես ոնց հասկանամ, որ Վիգեն Սարգսյանը մի օր ջղայնացել է և որոշում է իմ մասնավոր սեփականության մի մասը տանի: Թե պետք է հասկանամ, որ սահմանադրությունը ոնց ընդունվել է, այդքանով էլ պաշտպանում է ինձ: Բայց այն միտքը , որ մենք պետք է օգնենք բանակին եթե դրա կարիքը կա, առանց քննարկելու թե ում մեղքով է այն առաջացել, (այս իշխանությունների համար էլ մենք ամբողջ ժողովրդով ենք պատասխանատու) ես համաձայն եմ, բայց մի բացառությամբ: Ինչու չի կարելի մեր հարկերը 0.5%-ով ավելացնել 1000 դրամ մուրալու փոխարեն և հստակ հասկանալի լինի, որ այդ 0.5%-ը կփոխանցվի ստեղծվող ֆոնդին, այդ դեպքում, իմ աշխատավարձը 100 000 դրամ է, ես կվճարեմ 500 դրամ, իսյ Վիգեն Սարգսյանը ավելի շատ: Եթե չեմ սխալվում ցարական ռուսաստանում բոլոր կալվածատերերի տղաները պարտադիր զինվորակն կրթություն էին ստանում և երկրի պաշտպանության հարցը չէին թողնում միայն գյուղացիների վրա: Հիմա Վիգեն Սարգսյանը չի գտնում որ մեր երկրում ինքը ավելի շատ դրամով պետք է օգնի բանակին քան ես:

  9. Հարություն says:

    Բանակին պետք է օգնել, բայց համամասնորեն:

  10. Ալեքսանդր says:

    «Այդպիսի հիմնադրամներ կառավարելն ու փող ներգրավելը մի առանձին գիտություն է»: Ճիշտ է, և ծախսատար: Ըստ օրենքի 20 տոկոսը հիմնադրամը կարող է ծախսել իր պաշտոնյաների աշխատավարձի և սեփական կարիքների համար: Այսինքն՝ նույնիսկ ազնիվ կառավարիչների դեպքում հավաքածի 20 տոկոսըը «կկորչի»: Ավելի արդյունավետ եղանակ կա բանակին օգնելու: Ես օրինակ իմ թոշակից 5000 դրամ տվեցի մի ծանոթի, որի որդին , – հաստատ գիտեմ, – ծառայում է Ղարաբաղում, նրա համար նոր զինվորական հագուստ գնելուն օգնելու համար: Թող ամեն մեկս իրեն ծանոթի երեխային կամավոր օգնի ինչքանով կարող է: Եվ գումարը կգնա ուղիղ ըստ նշանակության, առանց կորստի: Բոլոր զինվորների ծնողները ունեն ընկերներ, բարեկամներ, ծանոթներ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930